Նորություններ

Պաշտոնական

Երեկ քննարկվեցին Արմավիրի մարզում ոռոգման շրջանի կազմակերպական հարցերը

00:00 / 11.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկեցին Արմավիրի մարզի գերնորմատիվային ջրի պահանջարկ ունեցող համայնքներում ոռոգման սեզոնի նախապատրաստմանը, ինչպես նաեւ այս հողերի առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, մարզի համայնքների եւ Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները։

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ համայնքի ղեկավարներն այսօրվանից պետք է զբաղվեն մատակարարված ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման աշխատանքների կազմակերպմամբ, որպեսզի ոռոգման շրջանում խնդիրներ չծագեն: Արմավիրն այն մարզերից է, որտեղ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման հարցում ՋՕԸ-երը խնդիրներ են ունենում, քանի որ այստեղ մեծ է գերնորմատիվային ջրի պահանջարկ ունեցող համայնքների թիվը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի նախաձեռնությամբ մշակվել է «Գյուղտնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները ՀՀ ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկը, որը բաժանվել է հանրապետության բոլոր համայնքներին: Նախատեսվում է հողատարածքները ոռոգել այս նորմատիվներով։ Վիճահարույց դեպքերում կստեղծվի հարցն ուսումնասիրող աշխատանքային խումբ:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հետաքրքվեց, թե ինչքանով են գյուղապետերն ուսումնասիրել այդ ձեռնարկը, եւ նշված նորմատիվներն որքանով են համապատասխանում համայնքների պահանջներին: Պարզվեց, որ ոչ բոլոր գյուղապետերն են ծանոթ ձեռնարկին:

Նշվեց, որ ձեռնարկում ներկայացված նորմատիվները եւ ռեժիմները չեն համապատասխանում մարզի շատ համայնքների պահանջներին:

Արմավիրի մարզպետը բարձրացրեց ոռոգման ջրի մատակարարման որակի, գյուղմթերքի իրացման հետ կապված հարցեր, որոնք բացասական են անդրադառնում վարձավճարների հավաքագրման գործընթացի վրա:

Արմեն Գեւորգյանը հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել քննարկված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին