Նորություններ

Պաշտոնական

Մշակութային խնդիրները մարզերում եւ համայնքներում

00:00 / 10.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին համայնքային ենթակայության մշակութային օջախներին, պատմամշակութային հուշարձաններին վերաբերող խնդիրներ։

Այս քննարկման առիթը հանդիսացել էին ՀՀ կառավարությունում մշակույթի նախարարի հաշվետվության ժամանակ հնչած մի շարք հիմնախնդիրները:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոխվարչապետին ներկայացրեց, որ նախարարության կողմից 2007 թվականին մարզերի մշակութային օջախների մոնիտորինգի արդյունքները մտահոգիչ են։ Համայնքային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները շատ դեպքերում միջնակարգ կամ ոչ մասնագիտական կրթություն ունեն:

Այս առթիվ ՀՀ փոխվարչապետն առաջարկեց վերապատրաստումների, կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել եղած կադրերի պատրաստվածությունը, միաժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում համակարգում մասնագիտական կրթություն ունեցողներին ներգրավելու նպատակով։

Քննարկվեց նաեւ պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը։ Շեշտվեց, որ պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային 18 հազար հուշարձանները, որոնք միավորված են շուրջ երեք հազար հուշարձանախմբերում, մինչեւ այժմ չունեն սեփականության վկայականներ, ճշգրտված չեն դրանց սահմանները, չկան մասնագիտական նկարագրություններ։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկեց ճշտել, թե «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պետպատվերի շրջանակներում հուշարձանների տարածքների եւ նրանց պահպանական գոտիների արդեն չորորդ տարին մշակվող նախագծերն ընդունելի կլինե՞ն կառավարությանն առընթեր անշաժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար եւ կարող են հիմք հանդիսանալ կադաստրային գրանցման համար, թե՞ զուտ գիտական նշանակություն ունեն։

Եթե ոչ, ապա անհրաժեշտ կլինի մեծածավալ այդ աշխատանքն սկսել սկզբից։ Մշակույթի նախարարն առաջարկեց այդ նպատակին ծառայեցնել առավել վտանգված հուշարձանների մոնիտորինգի համար ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները։

Մարզպետարաններում մշակույթի բաժինների ձեւավորումը կարեւորվեց որպես մշակույթի նախարարության հենակետային լծակի ապահովում՝ մարզերում մշակութային ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի հսկման ուղությամբ։ Մի քանի մարզպետարաններում արդեն իսկ նման բաժիններ ստեղծվել են։

Ուշադրությունից դուրս չմնացին նաեւ համայնքային ենթակայության գրադարանների, երաժշտական եւ գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների խնդիրները։ Քննարկվեց յուրաքանչյուր մարզում մշակութային հենակետային մեկ դպրոց ստեղծելու պիլոտային ծրագիրը։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մշակույթի եւ տարածքային կառավարման նախարարություններին հանձնարարեց մինչեւ փետրվարի վերջը միասին գույքագրել մարզերում եւ համայնքներում առկա մշակույթի ոլորտի բոլոր հիմնախնդիրները։

Որոշվեց հաջորդ քննարկումը կազմակերպել առավել ընդլայնված կազմով՝ արձանագրված խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին