Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին

00:00 / 27.01.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին, հետաքրքրվեց ընկերության ձեռքբերումներով եւ խնդիրներով։

Պատրիկ Լորենը ներկայացրեց, որ 2008-ին ամբողջությամբ իրականացվել է Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերի առաջին փուլը։
Ընկերությանը հաջողվել է հասնել նախանշված ցուցանիշին եւ հավաքագրել 2,7 մլրդ դրամ։ Միաժամանակ բարելավվել է մատակարարվող ջրի որակը, իսկ ջրամատակարարման միջին տեւողությունն ավելացել է եւս մեկ ժամով։ 2008-ին ընկերությունն անց է կացրել 70 կմ ջրագիծ ՀԲ-ի ֆինանսավորմամբ, նույնքան էլ` սեփական ներդրումներով:

Նա տեղեկացրեց, որ ՀԲ-ի ներդրումային 20 մլն դոլար արժողությամբ երկրորդ ծրագրով նախատեսում են ձեռք բերել մեքենասարքավորումներ, ինչպես նաեւ բարելավել Հրազդանի ջրամատակարարումը: Ընկերությունն արդեն սկսել է Ասիական զարգացման բանկի 36 մլն դոլարի ներդրումային ծրագրերը: Դրանցում կընդգրկվեն նաեւ այն բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ծրագրերը, որոնք դուրս են մնացել ՀԲ-ի ներդրումային առաջին ծրագրից: Ծրագրեր կիրականացվեն նաեւ Եվրոպական զարգացման բանկի 12 մլն եվրո վարկային ծրագրով:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը շեշետեց, որ ջրամատակարարման բարելավումը ՀՀ կառավարության համար կարեւոր ենթակառուցվածքային ոլորտներից մեկն է, եւ որ այս ուղղությամբ շատ անելիքներ կան: Նշեց, որ մարզեր կատարած իր այցերի ընթացքում շատ հաճախ են բարձրացվում խմելու ջրի որակին եւ ջրամատակարարման տեւողությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հանրապետության մոտ 500 այն համայնքների ջրամատակարարման բարելավման խնդիրը, որոնք չեն սպասարկվում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ կամ այլ օպերատորի կողմից: Որոշվեց աշխատանքներ տանել , որպեսզի բոլոր համայնքներում ջրամատակարարումն իրականացվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Քննարկվեց նաեւ նախորդ տարիների ընթացքում բնակչության կողմից օգտագործած ջրի դիմաց գոյացած պարտքերի մարման մեխանիզմ մշակելու հարցը:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2009 -ն էլ ավելի արդյունավետ կլինի` նշելով, որ դրա նախապայմանները կան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին