Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՀԲ-ի պատվիրակությանը

00:00 / 27.01.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ երեկոյան ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Շիգեո Կացուի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Ասադ Ալամը, տարածաշրջանի նախկին տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոն , ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ ձեւավորված համագործակցությունն առաջիկայում եւս նույնքան արդյունավետ կշարունակվի:«Հավակնոտ նպատակներ ենք հետապնդում, եւ , կարծում եմ, դրանց իրականացման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն կծավալվի»,-ասել է Արմեն Գեւորգյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի հավելյալ ֆինանսավորման վարկի վավերացմանը, խմելու ու ոռոգման ջրի բնագավառում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին, ՏԻՄ կարողությունների հզորացմանը, ապօրինի անտառահատումների դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը կատարում է բոլոր աշխատանքները Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի հավելյալ ֆինանսավորման վարկի մասին պայմանագիրը հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացնելու ուղղությամբ: Արմեն Գեւորգյանն ընդgծել է, որ չնայած բարելավվել է Երեւանի եւ հարակից շրջանների ջրամատակարարումը, սակայն եւ խմելու , եւ ոռոգման համակարգերում դեռ շատ անելիքներ կան: ՀՀ կառավարության համար շարունակում է ներդրումային թիրախներից մեկը մնալ հատկապես ոռոգման համակարգը:

ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը վստահեցրել է, որ ՀԲ-ը նոր ռազմավարություն ձեւավորելիս կքննարկի նաեւ այս հարցերը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին