Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այսօր հանդիպեց ԱՄԷ Առեւտրի պալատի նախագահի հետ

00:00 / 14.01.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանն այսօր հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Առեւտրի պալատի նախագահ Սալահ Բին Շամսիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունները: ՀՀ փոխվարչապետն առաջարկեց առաջիկայում Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների շրջանակում քայլեր ձեռնարկել` խթանելու ԱՄԷ Առեւտրի պալատի անմիջական համագործակցությունը ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության պալատի ու Զարգացման հայկական գործակալության հետ` նպատակ ունենալով սերտացնել գործարար կապերը երկու պետությունների մասնավոր հատվածների միջեւ: Կարեւորելով Պարսից ծոցի երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները` վերահաստատվեց մասնավոր հատվածում գործընկերությանն աջակցելու նպատակով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկը:

Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետն այցելեց Տեխնոլոգիական բարձրագույն կրթության ազգային հաստատություն, որտեղ ծանոթացավ ինտերակտիվ դասավանդման ժամանակակից մեթոդների եւ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բարձագույն ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

Կենտրոն կատարած այցին հաջորդեց ՀՀ փոխվարչապետի հանդիպումը ԱՄԷ բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար շեյխ Նահյան Բին Մուբարաք Ալ Նահյանի հետ, ով միաժամանակ նաեւ վերոհիշյալ կրթական հաստատության հիմնադիրն է: Կողմերն անդրադարձան «Գյումրի` տեխնո-քաղաք» ծրագրի շրջանակներում Հայաստանում ԱՄԷ-ի Տեխնոլոգիական բարձրագույն կրթության ազգային հաստատության մասնաճյուղ բացելու եւ դիպլոմների փոխադարձ ճանաչման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությանը:

ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները: Քննարկվեցին փոխշահավետ համագործակցություն հաստատելու հնարավոր տարբերակները:

Արաբական կողմը հետաքրքրություն ցուցաբերեց նաեւ բժշկական կրթության ոլորտում համագործակցության ուղղությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ:

Հանդիպման վերջում ՀՀ փոխվարչապետն ԱՄԷ նախարարին հրավիրեց Հայաստան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին