Նորություններ

Պաշտոնական

ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության եւ Լճավանի համայնքի միջեւ կնքվեց համաձայնագիր

00:00 / 14.01.2009


Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում նախարարության, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության եւ Լճավանի համայնքի միջեւ կնքվեց համաձայնագիր` Լճավան համայնքում խմելու ջրի համակարգի բարելավման համար Ճապոնիայի կառավարության կողմից 66 հազար 620 դոլար հատկացման վերաբերյալ: Հատկացված գումարը կուղղվի Լճավանում խմելու ջրի մատակարարման նոր պոմպի տեղադրմանը:

Բացի համաձայնագրի ստորագրումից, կայացավ հայկական եւ ճապոնական պատվիրակության հանդիպումը: Հանրապետության 151 գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման համար ակնկալվում է Ճապոնիայի կառավարությունից վարկային միջոցներ ներգրավել: Այդ ուղղությամբ հայկական եւ ճապոնական կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի` Հայաստանի գյուղական բնակավայրերից գրեթե 580-ը չի սպասարկվում նշված կոմիտեի կողմից: Այդ բնակավայրերից 153-ում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությամբ իրականացվել է կարիքների գնահատում եւ վիճակի ուսումնասիրություն: Ուսումնասիրված համայնքներում խմելու ջրի համակարգի բարելավման կարիքները գնահատվել են շուրջ 144 մլն դոլար: Այդ գումարն ակնկալվում է արտոնյալ պայմաններով վարկի տեսքով ստանալ Ճապոնիայի կառավարությունից 2 փուլով, ընդ որում` ՀՀ կառավարությունը եւս պետք է հանդես գա համաֆինանսավորմամբ:

Առաջին փուլում` շուրջ 75 մլն դոլար գումարի շրջանակներում, որից 53 մլն դոլարը պետք է լինեն վարկային միջոցներ, մնացածը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում, կբարելավվեն Տավուշի եւ Գեղարքունիքի գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգերը: 2-րդ փուլում` շուրջ 68 մլն դոլարի շրջանակներում, որից 48 մլն դոլարը պետք է լինեն վարկային միջոցներ, մնացածը` ՀՀ կառավարության համաֆինանսավորում, կբարելավվեն Արագածոտնի եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը: Այժմ քննարկվում են վարկերի ստացման այլ պայմանները: Ա. Անդրեասյանի խոսքով` ՀՀ կառավարության վերջնական հավանությունից հետո այդ նախագիծը կներկայացվի նաեւ Ճապոնիայի կառավարության վերջնական հաստատմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին