Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին 2008-2009 թթ. ուսումնական տարվա կազմակերպչական հարցեր

00:00 / 25.07.2008


ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի, քաղաքապետարանի, մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկվեցին 2008-2009 թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, բարձրացվեցին հանրակրթական խնդիրներ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ հանդիպման նպատակը մարզեր կատարած իր այցելությունների ընթացքում հնչեցված հարցերի համատեղ քննարկումն ու դրանց լուծման ծրագրերի կազմումն է:

2008-2009 թթ. ուսումնառության կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսվածի՝ 2008 թվականից սկսված փորձնական ծրագրով ՝ 2009 թվականին հանրապետությունում կձեւավորվի 10 ավագ դպրոց: Դրանք վերանորոգվում են: Պատրաստվել եւ դպրոցներ են ուղարկվել ուսումնական պլանները եւ մեթոդական ձեռնարկները: Այս ուսումնական տարում նախատեսված է, որ առաջին դասարան կհաճախի նախնական 36 հազար աշակերտ:

Նախարարը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը կատարում է հանրապետության դպրոցների քարտեզագրում, կարիքների գույքագրում: ՀՀ ղեկավարությունը խնդիր է դրել կարճ ժամկետներում ավարտել վերանորոգվող դպրոցների շինարարական աշխատանքները:

Խորհրդակցության ժամանակ մարզերի կրթության վարչությունների կողմից բարձրացվեցին առաջին դասարան հաճախող երեխաների եւ դպրոցի շրջանավարտների անհամամասնությանը, դասարանների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների սահմանված դրույքաչափերին, դպրոցների հագեցվածությանը, դպրոցների տնօրենների ատեստավորմանը վերաբերող հարցեր:

ՀՀ փոխվարչապետը ՀՀ կրթության եւ գիտության նախարարին առաջարկեց վերանայել դպրոցների ծանրաբեռնվածությանը եւ ուսուցիչների դրույքաչափերին վերաբերող հարցը: Նշեց, որ բարձրացված հարցերն ընդհանուր են բոլոր մարզերի համար, եւ առաջարկեց դրանց շուրջ քննարկումներ կազմակերպել՝ առանձին մարզերի կտրվածքով:

Դպրոցների տնօրենների ընտրության եւ ատեստավորման հարցերի առնչությամբ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ մշակված է Ատեստավորման կարգ, որի ընդունումից հետո ատեստավորումը բոլոր տնօրենների համար կլինի պարտադիր:

ՀՀ փոխվարչապետն առաջարկեց Կարգը ներկայացնել սեպտեմբերին Վայոց Ձորում կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի քննարկմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին