Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին ՀԲ-ի հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

00:00 / 17.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀԲ-ի պատվիրակությունն այսօր քննարկեցին Հայաստանում ջրամատակարարման ծրագրերին, ՀԲ-ի հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման վարչության տնօրեն Փիթեր Թոմսոնը նշեց, որ պատվիրակությունը Հայաստանում է՝ ուրվագծելու հետագա համագործակցության եզրերը, հստակեցնելու այս հարցում ՀՀ կառավարության դիրքորոշումը:

ՀՀ փոխվարչապետը շնորհակալութուն հայտնեց ՀԲ-ին՝ Հայաստանում մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու համար եւ ավելացրեց, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է առաջիկայում նոր մոտեցումներ որդեգրել:

Խոսեց ՀԲ-ի վարկային ծրագրով իրականացվող խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ոլորտում իրականացվող աշխատանքների, դեռեւս չլուծված խնդիրների մասին: Կարեւորեց ոռոգման համակարգի արդիականացման , ոռոգման այլընտրանքային մեթոդների ներդրման եւ ոլորտում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ գյուղատնտեսական հողերի լայնածավալ մշակմանը զուգընթաց առաջանալու է ոռոգման ջրի մեծ պահանջարկ:

«Շնորհակալ կլինենք, որ այս խնդիրները քննարկվեն: Ապագայում մեր առաջնահերթությունը ջրի խնայողությունն է լինելու», - ասաց ՀՀ փոխվարչապետը:

«Երեւան ջուր» ծրագրի ղեկավար Ջոնաթան Կամկվալալայի հետ քննարկվեց Երեւանի ջրամատակարարման ցանցի կառավարման պայմանագիրը երկու տարով երկարացնելու հարցը: Նախարարը նշեց, որ նախատեսվում է գույքագրել կատարվածը եւ առաջիկա երկու տարվա համար նոր չափորոշիչներ սահմանել: ՀՀ կառավարությունը պատրաստ է այս հարցը եւս քննարկել ՀԲ-ի հետ:

Քննարկվեցին նոր ջրամբարներ կառուցելու հնարավորությունները եւ մի շարք այլ հարցեր։

Կողմերը համագործակցության շարունակման եւ զարգացման պատրաստակամություն հայտնեցին:

ՀԲ-ի պատվիրակության կազմում էին նաեւ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման բաժնի կառավարիչ Ջոն Քելենբերգը, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսը, ՀԲ ծրագրերի պատասխանատուները:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին