Նորություններ

Պաշտոնական

Անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստ կանցկացվի
հուլիսի 24-ին

00:00 / 10.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի լիագումար նիստի նախապատրաստման հարցեր:

Որոշվեց նիստն անցկացնել հուլիսի 24-ին: Խորհուրդը հաստատեց նիստի օրակարգը:

ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը հանձնարարեց 2-օրյա ժամկետում խորհրդի անդամներին ներկայացնել քննարկվելիք նյութերը:

Մասնավորապես, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններին, ՀՀ մաքսային պետական կոմիտեին հանձնարարվեց հաշվետվություն պատրաստել ապօրինի անտառահատումների դեմ 2007 թվականին իրականացված միջոցառումների վերաբերյալ:

Հանձնարարվեց Հարկային պետական ծառայությանը՝ առաջարկություն ներկայացնել հարկային վերահսկողության ուժեղացման վերաբերյալ, իսկ ՀՀ արդարադատության նախարարությանը՝ արտահայտել դիրքորոշում ՝ ապօրինությունների կանխարգելմանն ուղղված մի շարք իրավական ակտերի ընդունման շուրջ:

Նշենք, որ խորհրդի աշխատանքներին մասնակցում են ինչպես պետական, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին