Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեդեյ Ալի Սաղայիանին

00:00 / 23.06.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեդեյ Ալի Սաղայիանին։

Ողջունելով հյուրին, ՀՀ փոխվարչապետը նշեց, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տարածքների եւ մարզերի զարգացմանը, այդ նպատակին ուղղելով թե՛ պետական ներքին ռեսուրսները, թե՛ միջպետական համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին թե արդեն իրականացված համատեղ ծրագրերը, թե իրագործվելիք մեծածավալ նախագծերը։ Մասնավորապես հիշատակվեցին Իրան- Հայաստան գազամուղի շինարարությունը, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, Մեղրի-Կապան ավտոմայրուղու շահագործումը, նավթազտարանի կառուցումը եւ մի շարք այլ ծրագրեր:

ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ենթադրվում է, որ նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Հայաստան- Իրան երկաթգիծ կառուցելու հարցը։

Նա առաջարկեց ակտիվացնել միջմարզային, միջհամայնքային փոխհարաբերությունները՝ որպես դրա լավ ավանդույթ հիշատակելով Սյունիքի մարզի եւ Ատրպատականի համագործակցությունը։

Դեսպան Սեդեյ Ալի Սաղայիանն էլ առաջարկեց, օգտագործելով գյուղատնտեսության ոլորտում բերված իրանական փորձը, միջմարզային հարաբերություններ հաստատել Արեւելյան եւ Արեւմտյան Ատրպատականների, Արդաբիլի եւ Սյունիքի, Արարատի, Արմավիրի եւ մյուս մարզերի միջեւ։

Դեսպանը ՀՀ փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց հայ-իրանական հարաբերություններում առկա մի շարք խնդիրների վրա։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին