Նորություններ

Պաշտոնական

Դպրոցականների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկեց կազմակերպչական հարցեր

00:00 / 21.06.2008


Պետբյուջեի միջոցներով այս տարի ամառային ճամբարներում կհանգստանա ազատամարտիկների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների 3000 երեխա: Այս նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 150 մլն դրամ: Երեխաների հանգիստը կկազմակերպվի հուլիսի 1-ից երկու հերթափոխով՝ 20-ական օրով:

Այսօր կայացավ Դպրոցականների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը՝ մարզպետարանների, Երեւանի համայնքների ներկայացուցիչների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվեցին երեխաների անվտանգ տեղափոխմանը, սանիտարահիգիենիկ վիճակին, սննդի ապահովմանը, դաստիարակչական նոր մոտեցումներ որդեգրելուն վերաբերող հարցեր:

Հանձնարարվեց հնարավորինս շուտ ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնել երեխաների ցուցակները, հատկապես ուշադիր լինել երեխաների ընտրության հարցում, որպեսզի շահառու ընտանիքների երեխաները դուրս չմնան ցուցակից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ, Դպրոցականների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը նշեց, որ ամառային հանգստի նախապատրաստման փուլում, հետո նաեւ՝ հանգստի կազմակերպման ընթացքում, հանձնաժողովի անդամները կայցելեն ճամբարներ:

Նշենք, որ այս տարի երեխաները կհանգստանան «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Տանձաղբյուր» ճամբարներում: Բոլոր մարզերին հատկացվել է 2 150, Երեւանի համայնքներին՝ 850 տեղ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին