Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեց Վիեննա Կոնսորցիումի Գեղարքունիքի մարզում ունեցած առաքելությունը

00:00 / 10.06.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «ALARIS» հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Այգների, Վիեննա կոնսորցիումի նախագահ Վ. Զաքարյանի եւ գործադիր մարմնի անդամ Ս. Բաղդոյանի հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի հետ կապրված ծրագրային առաջնությունները։

ՀՀ փոխվարչապետը կառավարության անունից ողջունեց մարզերում գործարար աջակցությանն ուղղված նախաձեռնությունը՝ հայտնելով, որ այն համահունչ է ՀՀ կառավարության՝ պետություն - մասնավոր հատված համագործակցություն նորովի մոտեցմանը։

Պատվիրակության ղեկավար Ա. Այգները նշեց, որ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից։ Այժմ ուսումնասիրության, տեղեկատվության համադրման փուլն է, երբ փորձ է արվում գտնել ներդրումներ կատարողներին։

Նաեւ շեշտվեց, որ ծրագիրը միտված է լինելու սոցիալական ոլորտի զարգացմանը, որը հետաքրքրություն կներկայացնի այլ ներդրողների համար: «ALARIS» հիմնադրամը եւ Վիեննա կոնսորցիումը ցանկանում են Master plan-ի կազմմանը զուգահեռ արդյունքներ ցույց տալ:

«ALARIS» հիմնադրամի տնօրեն Ա. Այգներն առաջարկեց հիմնադրամի միջոցներով հայ ուսանողներ ուղարկել Ավստրիա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ընդհանուր ֆինանսավորման, մենեջմենթի, գյուղատնտեսական տարբեր արտադրությունների ոլորտում 6 շաբաթից մինչեւ 3 ամիս ժամկետով վերապատրաստվելու:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկեց գործընթացում ներգրավել նաեւ մեր կառույցներին։ Նա կարեւորեց գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրությունների հիմնումը՝ առաջարկելով այդ գործընթացում հայ մասնագետներին սկզբից մինչեւ վերջ խորհրդատվական աջակցություն տրամադրել:
Նաեւ հյուրերի ուշադրությունը հրավիրեց հողմակայանների ստեղծման գաղափարի վրա, որով, թեեւ սոցիալական հարցեր չեն լուծվի, սակայն գործարարության առումով հետաքրքրություն կներկայացնի։

ՀՀ փոխվարչապետը վստահեցրեց, որ, երբ ներդրողները հանդես գան կոնկրետ առաջարկներով, կառավարությունն իր հերթին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կտրամադրի։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Ա. Սիմոնյանը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին