Նորություններ

Պաշտոնական

ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցը

00:00 / 10.06.2008


«Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված դպրոցի բացման կապակցությամբ այսօր Աշտարակ էին ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Ես շատ եմ կարեւորում «Լինսի» հիմնադրամի գործունեությունը եւ այդ շրջանակում՝ դպրոցաշինության ծրագիրը: Գտնում եմ, որ մեր հանրապետությունում չպետք է լինեն անբարեկարգ դպրոցներ: Եթե մենք ցանկանում ենք , իրոք, բարեկիրթ սերունդ ունենալ, պետք է նաեւ համապատասխան պայմաններ ստեղծենք: Իմ նախընտրական ծրագրում ես կարեւորել եմ տարածքների համաչափ զարգացումը։ Մեր մարզկենտրոնների դպրոցներն իրենց պայմաններով չպետք է զիջեն մայրաքաղաքի դպրոցներին»,-ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Գեւորգյանն իր գոհունակությունը հայտնեց կառույցի շինարարության որակի վերաբերյալ: Տեղեկացրեց, որ հիմնադրամը հանրապետությունում այսպիսի եւս 9 դպրոց է կառուցում:

Կատարված շինարարական աշխատանքի արդյունքում հիմնովին վերակառուցվել եւ կահավորվել են դպրոցի նախկին երեք մասնաշենքերը, կառուցվել են նոր մասնաշենք, կաթսայատուն, մարզահրապարակներ, մարզադահլիճ, տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Դպրոցի վերակառուցման եւ կահավորման համար ծախսվել է 900 մլն դրամ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին