Նորություններ

Պաշտոնական

Մարզային զարգացման ծրագրեր

00:00 / 05.06.2008


Ներկայացվեց Գեղարքունիքի եւ Տավուշի զարգացման ծրագրերի փորձը

Այսօր տարածքային կառավարման նախարարություն էին հրավիրվել բոլոր մարզպետարանների ներկայացուցիչները՝ ծանոթանալու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության միջազգային զարգացման նախարարության դրամական օժանդակությամբ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում 2003-ից իրականացվող մարզային զարգացման ծրագրերի փորձին:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ողջունելով ներկաներին, շեշտեց, որ այլ դոնորների աջակցությամբ տարածքային զարգացման նման ծրագրեր նախկինում իրականացվել են նաեւ ուրիշ մարզերում: Սակայն Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի առանձնահատկությունը համայնքի անդամների մասնակցության ապահովման եւ բյուջետային հայտերի նոր գաղափարախոսության մեջ է՝ ներքեւից եկող ծրագրերը մարդիկ տեսնում են կառավարության որոշման տեսքով: Մարզային այդ ծրագրերի շատ բաղադրիչներ ամրագրված են ԱՀՌԾ-ում:

«ՀՀ կառավարության այժմյան աշխատաոճը պահանջում է ոչ թե գնալ հրատապ հարցեր լուծելու ճանապարհով, այլ որդեգրել համակարգված, ծրագրային մոտեցումներ: Դա ենթադրում է, որ մեր բոլոր մարզերը պետք է ունենան համալիր զարգացման ծրագրեր: Գեղարքունիքի եւ Տավուշի զարգացման ծրագրերն ուղեցույց կդառնան մյուս մարզերում իրենց ներուժով համանման ծրագրեր կազմելու համար : ՀՀ կառավարության գործունեության պահանջներից, ԱՀՌԾ գերակայություններից եւ մարզերի համաչափ զարգացման անհրաժեշտությունից ելնելով ՝ շրջանառվում է ՀՀ մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգ ունենալու գաղափարը »,- ասաց փոխնախարարը:

Հայաստանի տարածքային զարգացման ծրագրերի ղեկավար Արմեն Քեշիշյանը, ընդհանուր տեղեկություններ տալով ծրագրի մասին, ներկայացրեց Մարզային զարգացման ծրագրի (ՄԶԾ) հիմնական խնդիրները եւ ինստիտուցիոնալ համակարգը:

Ծրագրի ղեկավարի տեղեկալ Կորյուն Դանիելյանն անդրադարձավ ՄԶԾ-երի մշակման փուլերին եւ գործընթացներին:

Մարզային զարգացման ծրագրերի մոնիտորինգի եւ գնահատման համակարգի մասին խոսեց ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման խմբի ղեկավար Գոհար Թադեւոսյանը:

Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի գլխավոր խորհրդական Լեւոն Բարխուդարյանը ներկայացրեց մարզային զարգացման ծրագրերի ֆինանսավորման հիմնախնդիրները եւ առնչություններն ԱՀՌԾ-ի հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին