Նորություններ

Պաշտոնական

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանն այցելեց Հայաստանի ազգային արխիվ

00:00 / 24.05.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ-ի գործառույթներին, խնդիրներին եւ ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Արխիվապահոցներում փաստաթղթերի պահպանության պայմանները եւ համակարգը, ընթերցասրահում ուսումնասիրողների աշխատանքի արդյունավետության համար ստեղծված պայմանները գոհացրին նրան:

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ արդեն սկսված աշխատանքներին եւ թղթե հիմքով փաստաթղթերի թվայնացման ծրագրերին։

Այս տարի պետբյուջեի միջոցներով կներդրվի արխիվապահոցների օդակարգավորման եւ օդաորակման համակարգը, ձեռք կբերվեն լաբորատորիայի համար փաստաթղթերի, կինոնկարների ժապավենների, լուսանկարների, ձայնագրությունների վերականգնող եւ թվայնացնող ժամանակակից սարքավորումներ։

Նա հետաքրքրությամբ դիտեց «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով օրերս կազմակերպված փաստավավերագրական ցուցահանդեսը։ Պատմական հերոսական այդ ժամանակաշրջանը արտացոլող խիստ արժեքավոր փաստաթղթերից շատերը ներկայացված են առաջին անգամ։

Հայաստանի ազգային արխիվի խնդիրներից ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարեւորեց հատկապես արխիվագետների սոցիալական վիճակի բարելավումը եւ արխիվապահոցների գերբեռնվածության խնդրի լուծումը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին