Նորություններ

Պաշտոնական

Պատմամշակութային հարստությունը՝ ժողովրդին

00:00 / 20.05.2008


Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումները օրերս մեկնարկեցին Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում՝ «Մայիսյան հերոսամարտերը եւ Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով փաստավավերագրական ցուցահանդեսի բացմամբ:

Արխիվագետների մեծ նվիրումի, համբերատարության, մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ պահպանված ու ցուցադրված ամենատարբեր փաստաթղթերը՝ պատմական նշանակության պայմանագրերը, Երեւանի Հայոց ազգային խորհրդի կոչերը, հայտարարությունները, Ամենայն Հայոց Գեւորգ Ե Կաթողիկոսի կոնդակը, հեռագրերը, հերոսամարտերի մասնակից զինվորականների, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամների, քաղաքական ակնառու գործիչների , հոգեւորականների լուսանկարները դարձան ոչ միայն պատմաբանների, այլեւ հանրության սեփականությունը։

Իր բացման խոսքում ՀԱԱ տնօրեն Ա. Վիրաբյանը նշեց, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչեւ վերջ ազգովին պայքարելու պատրաստակամության եւ վճռականության վկաները եղան։

Այսօր արխիվում պահպանվում է պատմամշակութային արժեք ունեցող 6 հազար արխիվային ֆոնդ՝ ավելի քան 3,2 մլն փաստաթղթերով: Վերջին 5 տարիներին ազգային արխիվը լույս է ընծայել փաստաթղթերի եւ նյութերի 15 ժողովածու, ֆոնդը համալրվել է շուրջ 270 հազար գործով եւ ավելի քան 1 մլն անձնական ծագման փաստաթղթերով:

Կարեւոր է, որ այդ ամենը ձեռք բերելուց , մշակելուց եւ պահպանելուց բացի, արխիվագետները նպատակ են դարձրել ազգային այս հարստությունը մատուցել ժողովրդին: Դրա վկայությունն են «Այրեր», «Բացահայտում», «Խոսում են վավերագրերը» հեռուստառադիոհաղորդաշարերը, պարբերաբար կազմակերպվող միջոցառումները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին