Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը մարզպետների հետ քննարկեց հրատապ ու կարեւոր հարցեր

00:00 / 13.05.2008



Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին՝ շքեղ հանդիսություններ


Փոխվարչապետի մոտ մանրամասն քննարկվեցին Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպական հարցերը։

Հիմնական մասսայական տոնակատարությունն, ինչպես միշտ, կկայանա մայիսի 28-ին։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին ծաղկեպսակներ կդնեն երկրի ղեկավարներն ու տոնակատարության մասնակիցները։ Տոնին առավել հանդիսավորություն կհաղորդի զինվորական շքերթը։

Հոբելյանական այս միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն բոլոր մարզերը։ Սարդարապատի թանգարան տանող ծառուղու մի կողմում 12 մետր երկարությամբ ձգվող տոնականորեն զարդարված սեղաններին նրանք կներկայացնեն իրենց տեղանքին հատուկ ազգային ուտեստները, իսկ մյուս կողմում՝ ժողովրդական ստեղծագործությունները։ Հանդիսության մասնակիցները կայցելեն թանգարան։
Տոնական համերգին կմասնակցեն թե՛ մարզի, թե՛ մայրաքաղաքային համույթները։ Ողջ տոնակատարությունը կհեռարձակվի հանրային հեռուստատեսությամբ։

Բաշ Ապարանի տոնակատարությունն ավելի մասսայական դարձնելու նպատակով որոշվեց այն անցկացնել կիրակի օրը՝ մայիսի 25-ին։
Իսկ մայիսի 27-ին տոնական հանդիսությունը կշարունակվի Վանաձորում։ Ղարաքիլիսայի ճակատամարտին նվիրված նորացված հուշահամալիրի բացմանը իր մասնակցությունը կբերի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ապարանում եւ Վանաձորում եւս կկազմակերպվեն համերգներ ու զինվորական շքերթներ։

ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները կաջակցեն, որպեսզի բոլոր այս միջոցառումները համահունչ լինեն ընդհանուր տոնակատարությանը։

Նշվեց, որ տոնակատարության առիթով մարզերում շաբաթօրյակներ են կազմակերպվում, անց են կացվում դպրոցական օլիմպիադաներ։


Պետք է հավաքագրվեն թե՛ համայնքային բյուջեները, թե՛ ջրի վարձավճարները


ՀՀ փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ համայնքային բյուջեների հավաքագրման խնդրի վրա։ Շեշտելով, որ առաջին եռամսյակի արդյունքները հեռու են բավարար լինելուց, նա պահանջեց այդ գործընթացի նկատմամբ խստացնել հսկողությունը։

Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ այսուհետեւ համայնքային բյուջեների հավաքագրման արդյունքներն ամեն եռամսյակ կտեղադրվեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում։ Հետաքրքրվողներն արդեն կարող են այնտեղ ծանոթանալ առաջին եռամսյակի արդյունքներին։

Փոխվարչապետը մարզպետներին հայտնեց, որ խստությամբ խնդիր է դրել հավաքագրել նաեւ օգտագործված ոռոգման եւ խմելու ջրի վարձավճարները։

ՀՀ նախագահի նախընտրական շրջանում ընտրողների կողմից բարձրացված հարցերի առթիվ առաջարկվեց, որ աշխատանքային խմբերը դրանք դասակարգեն ըստ ոլորտների՝ առանձնացնելով հրատապ լուծում պահանջողները։


Արտագա նիստերն՝ ի օգուտ մարզերի


Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության արտագնա նիստերի կազմակերպման հարցերին։ Հաշվի առնելով ՀՀ նախագահի պահանջը, արտագնա առաջին նիստը կկայանա Շիրակի մարզում՝ նպատակ ունենալով նոր մոտեցումներ ձեւավորել աղետի գոտու անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործում։
ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց, որ արտագնա նիստերում բոլոր մարզերում կքննարկվեն պարտադիր չորս հարցեր։ Դրանք են՝

-      մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները,
-     մարզում իրականացվող բոլոր ծրագրերի կատարման ընթացքը (զեկուցելու է մարզպետը),
-     համայնքային բյուջեների հավաքագրման եւ ֆինանսական ծրագրերի կատարման ընթացքը,
-     մարզի բնակիչներից, կազմակերպություններից ստացված դիմում-բողոքների վերլուծությունը, որը
      ներկայացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմը։

Բացի այդ, կքննարկվեն յուրաքանչյուր մարզի համար կարեւոր նշանակության այլ հարցեր։ Հաշվի կառնվեն նաեւ տարբեր նախարարությունների առաջարկությունները։

Օրակարգերը կլինեն բաց, ՀՀ կառավարության արտագնա նիստից երկու շաբաթ առաջ փոխվարչապետը տեղում նախանիստեր կանցկացնի։

Արտագնա այդ նիստերն, անտարակույս օգտակար կլինեն մարզի համար, ողջ կառավարության ուշադրության կենտրոնում կհայտնվեն մարզերի բոլոր հիմնախնդիրները, որոնց համար լուծումներ կգտնվեն։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն անդրադարձավ նաեւ մարզերում առողջապահության համակարգի օպտիմալացման ընթացքին։


Ներդրվում է համայնքային ծառայության համակարգը


Փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետների ուշադրությունը հրավիրեց երկրում համայնքային ծառայության ներդրման խնդիրներին։ Նախարարության համայնքային ծառայության վարչությունը բոլոր մարզպետարաններին մշտապես մեթոդական օժանդակություն է ցույց տվել, բայց արդեն խնդիրներ են ի հայտ գալիս։

Որոշ մարզերում 26-27 համայնքներում համայնքային ծառայողներ չկան՝ բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են, սակայն, զարմանալիորեն մրցույթ չի հայտարարվում։ Որոշ տեղերում համայնքային ծառայության ներդրումով զբաղվող լավ թիմ է ձեւավորվել։ Սակայն մարզեր էլ կան, ուր ընդամենը մեկ մարդ է զբաղվում կարեւոր այդ գործով։ Մինդեռ ծավալուն այս խնդիրն այդպես հնարավոր չէ հաղթահարել։

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ նախարարության պաշտոնական կայքն սկսել է արդյունավետ եւ օպերատիվ աշխատել։
Մարզպետների առջեւ խնդիր դրվեց նույն կերպ ակտիվացնել նաեւ իրենց կայքերը։ Հակառակ դեպքում ցանցի գոյությունը չի արդարացվի։

Առաջարկվեց, ի կատարումն ՀՀ կառավարության 20.09.2007թ. N 1083-Ն որոշման՝ միջոցներ ձեռնարկել մարզպետարանների աշխատակազմերում տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինները հնարավորինս սեղմ ժամկետներում համալրելու ուղղությամբ:


Աղբահանությունն՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում


Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը։ Մտահոգիչ են հատկապես ջրանցքները կենցաղային աղբով աղտոտելու փաստերը։ Նա տեղեկացրեց, որ այդ առթիվ փոխնախարար Վաչե Տերտերյանը մի քանի խորհրդակցություններ կանցկացնի Արարատի մարզում։

Անդրադարձ եղավ նաեւ Խարբերդի պատմական գերերզմանոցում աղբի կուտակման փաստին։

Մարզպետների հետ քննարկվեցին մի շարք այլ հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին