Նորություններ

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նեկայացրեց փոխվարչապետին

00:00 / 22.04.2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:
Շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը նշեց.

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ պարոն Գեւորգյանն է կատարելու է նաեւ փոխվարչապետի պարտականությունները: Սա եւս հավաստում է, որ տարածքային զարգացումը մեր կառավարության գործունեության ծրագրի գերակա խնդիրներից մեկն է: Գաղտնիք չէ, որ կենտրոնացվածությունը Երեւանում խոչընդոտում է մեր տնտեսական համակարգի զարգացմանը, եւ մենք այստեղ լրջագույն անելիքներ ունենք:

ՀՀ նախագահն արդեն իսկ հայտարարել է մի քանի նախաձեռնությունների՝ մասնավորապես՝ Դիլիջանում ֆինանսական կենտրոն ձեւավորելու գաղափարի մասին: Արդյունքում, կկարողանանք Երեւանից դուրս բերել ֆինանսական հատվածի հետ առնչվող մի շարք գերատեսչություններ։ Ապագայում նման նախաձեռնությունները մենք կներկայացնենք հանրության ուշադրությանը: Բնականաբար, տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը պետք է մշակվի եւ իրականացվի հենց ձեր նախարարության կողմից:

Սա բավականին հավակնոտ մոտեցում է, որովհետեւ ենթադրվում է, որ մի շարք ոլորտներում մենք պետք է Հայաստանը ներկայացնենք որպես տարածաշրջանային կենտրոն։ Իսկ սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման ոլորտում նույնպես պետք է իրականացվեն բեկումնային ծրագրեր: Այն փորձն ու գիտելիքները, որ կուտակել է պարոն Գեւորգյանը, հույս են ներշնչում, որ մեր բոլոր հավակնոտ ծրագրերը ձեզ հետ միասին իրականություն կդարձնենք»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, ով երկար տարիներ ղեկավարել է այս նախարարությունը եւ զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը:

«Դուք միասին մեծ ճանապարհ եք անցել եւ այդ տարիների ընթացքում բավականին լուրջ ձեռքբերումներ եք ունեցել: Տեղական իշխանությունների հետ հարաբերությունների նոր մշակույթ է ձեւավորվում։ Կարեւոր այս ոլորտում դեռեւս մեծ ճանապարհ ունենք անցնելու:

Համոզված եմ , որ պարոն Աբրահամյանն իր նոր պաշտոնում աջակցելու է նոր կառավարությանն այս հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, հանդես ենք գալու միասնական թիմով եւ մեր առջեւ դրված նպատակները, գաղափարները իրականություն ենք դարձնելու համատեղ, համախմբված աշխատանքի շնորհիվ»,-ասաց կառավարության ղեկավարը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ վստահության եւ բարձր պաշտոններում նշանակվելու համար:
Նա մասնավորապես ասաց.
«Պաշտոնի բերումով քաջատեղյակ եմ ինչպես կառավարության, այնպես էլ այս նախարարության գործունեությանը եւ համոզված եմ, որ միասին նույն եռանդով, նույն ոգով աշխատելու ենք, որպեսզի հասնենք կարեւոր եւ հավակնոտ ծրագրերի իրականացմանը, որոնք նախանշված են ե՛ւ ՀՀ նախագահի ծրագրում, եւ՛ արտացոլված կլինեն կառավարության ծրագրում, որը շուտով կներկայացվի ԱԺ: Ես հուսով եմ, որ համատեղ ջանքերով, փոխադարձ վստահության մթնոլորտում նոր հաջողություններ կարձանագրենք»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, այժմ արդեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Այս նախարարությունն ստեղծել ենք իմ գործընկերների հետ: Այս աշխատակազմի հետ մենք կարողացանք վերացնել տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների եւ կառավարության միջեւ այդ անջրպետը, որ առկա էր նախարարության ստեղծման պահին: Ես դա շատ եմ կարեւորում մեր երկրի կայացման, առաջընթացի գործում:

Ձեւավորվել է պրոֆեսիոնալ թիմ, եւ համոզված եմ, որ պարոն Գեւորգյանի նշանակումը կնպաստի նախարարության առջեւ դրված խնդիրների իրականացմանը: Առաջիկայում էլ աշխատելու ենք միասին, մեր համատեղ ջանքերն ուղղելու ենք ՀՀ նախագահի եւ կառավարության ծրագրերի իրականացմանը»։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին