Նորություններ

Պաշտոնական

Հայաստանը մեծ շուքով կնշի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը

00:00 / 02.04.2008

Նախատեսվող միջոցառումներն այսօր քննարկել են Վ.Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այն վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Նախատեսվում է անցկացնել մեծ գիտնականի գործունեությանը եւ գիտական ժառանգությանը նվիրված նստաշրջաններ, միջազգային գիտաժողովներ: Հոբելյանական տարվա ընթացքում, այլ միջոցառումների թվում, ԵՊՀ աստղադիտարանի առջեւ կտեղադրվի մեծ գիտնականի կիսանդրին, կսահմանվի Վ. Համբարձումյանի անվան հատուկ մրցանակ, կթողարկվեն հոբելյանական հուշադրամ ու նամականիշ: Հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. սեպտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Վիկտոր Համբարձումյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ գիտնականի ծննդավայրում` Գեղարքունիքի մարզում:

Միջոցառումների ծրագրի նախագիծը կներկայացվի Վ.Համբարձումյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահի հաստատմանը:

2008 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս հայտարարել է Վ. Համբարձումյանի տարի:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին