Նորություններ

Պաշտոնական

Աֆրիկյան ժանտախտից տուժած խոզերի սեփականատերերը եկող շաբաթվանից պետությունից օժանդակություն կստանան

00:00 / 21.03.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվեց ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների այն սեփականատերերի ցուցակը, համաձայն որի պետությունը կսկսի օժանդակություն տրամադրել:

Նախորդ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել էր մեկ անգամ եւս ճշգրտել ցուցակները՝ ամենուր կիրառելով նույն մոտեցումները եւ ուշադիր լինել, որպեսզի ոչ մի փոքրաթիվ տնտեսության սեփականատեր ցուցակից դուրս չմնա:

Ըստ ճշտված ցուցակի՝ 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում ոչնչացվել է 14 779 գլուխ խոզ, որից 6 176-ն անկել է, իսկ 8 603-ը՝ հարկադիր ոչնչացվել: Ամենաշատը տուժել են Լոռու ( 4 696 գլուխ) եւ Տավուշի մարզերում 8 402 գլուխ)։ Շոշափելի վնասներ են եղել նաեւ Կոտայքի ( 578), Գեղարքունիքի (410), եւ Արարատի (308) մարզերում: Արմավիրում ոչնչացվել է 168, Արագածոտնում՝ 53 եւ Երեւանում՝ 164 խոզ:

Աֆրիկյան ժանտախտի պատճառով խոզերն ամենաշատը Նոյեմբերյանում են սատկել եւ հարկադիր ոչնչացվել. սատկել է 742 եւ հարկադիր ոչնչացվել է 614 խոզ, որին հաջորդում է Լորուտը՝ ընդհանուր առմամբ՝ 697 խոզ:
Համաձայն որի տուժած 1 291 գյուղացիներին կփոխհատուցվի 355 մլն 790.4 հազար դրամ։ Խոզի մեկ կիլոգրամի դիմաց կվճարվի շուկայական գնի 75 տոկոսը՝ 1005 դրամ:

ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ մարզպետարանների հետ երկու օրվա ընթացքում բոլոր համայնքներում փակցնել պետությունից օժանդակություն ստացողների ցուցակները։ Նշվեց, որ գումարների հարցը լուծված է, եւ եկող շաբաթվանից մարդիկ կարող են դրանք ստանալ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին