Նորություններ

Պաշտոնական

Ազգային ժողովում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

00:00 / 05.12.2007

ԱԺ այս նստաշրջանում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորներին մտահոգող հիմնական հարցն այդ օրինագծով նախատեսված այն դրույթն էր, որի համաձայն Երեւանի քաղաքապետն ընտրվում է անուղղակի ձեւով` ավագանու կողմից:

Պատգամավորներին ամենաշատը հետաքրքող այս հարցին օրինագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց . «Անուղղակի ընտրության մոդելը շատ է տարածված եվրոպական երկրներում եւ արդարացված է: Մենք փորձել ենք հաշվի առնել մի քանի հիմնադրույթներ . պետք է ունենալ պրոֆեսիոնալ, փորձառու ավագանիների ինստիտուտ, որն ընտրված կլինի թիմի կողմից եւ պատասխանատու կլինի այդ թիմի առաջ»:

Ըստ նախագծի՝ Երեւանը համայնք է՝ իրավաբանական անձ, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ, «ավտոնոմ» բյուջե եւ սեփական խորհրդանիշեր՝ զինանշան, դրոշ եւ օրհներգ։ Երեւանի կառավարման բարձրագույն մարմինը 65 հոգուց կազմված ավագանին է, որն էլ ձայների մեծամասնությամբ ընտրում է քաղաքապետին։ Ավագանին ընտրվում է երեւանցիների ուղղակի քվեարկությամբ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Ընդ որում, եթե որեւէ քաղաքական ուժ (դաշինք կամ միավորում) մեծամասնություն, այսինքն՝ 50 տոկոսից ավելի «մանդատ» է ապահովում մայրաքաղաքի «խորհրդարանում», ապա տվյալ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող գործիչն ինքնաբերաբար դառնում է քաղաքապետ։Առաջարկվում է ավագանու կազմում հարաբերական մեծամասնություն (40 եւ ավելի տոկոս) ստացած կուսակցությանը լրացուցիչ եւս 6 տեղ հատկացնել:

Օրինագիծը քննարկվելու է նաեւ այսօր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին