Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

00:00 / 03.12.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեին եւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին:

Հանդիպման հիմնական նպատակը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր:

Ժորժ Կոլումբիեն նշեց, որ իրենք բավականաչափ ծանոթ են օրինագծին, ինչպես նաեւ այդ առթիվ հնչող որոշ քննադատությունների։
Ֆրանսիացի համազեկուցողը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղանակով են ընտրվելու քաղաքապետը եւ նրա տեղակալները։

Այս եւ մի շարք այլ հարցերի առթիվ ՀՀ փոխվարչապետը ներկայացրեց կառավարության մոտեցումները: Նա շեշտեց, որ ՀՀ Սահմանադրության ընդունված բարեփոխումների պահանջով Երեւանը պետք է ունենա համայնքի կարգավիճակ։

Օրենքի ԱԺ ներկայացված նախագծով Երեւանի քաղաքապետը ընտրվելու է ավագանու կազմից: Քաղաքապետի առաջին տեղակալը նույնպես կընտրվի 65 անդամ ունեցող ավագանուց, քանի որ նախատեսվում է, որ քաղաքապետի բացակայության դեպքում նա է կատարելու վերջինիս պարտականությունները:

Փաստորեն, պետական տարածքային կառավարման լիազորությունները նույնպես կփոխանցվեն քաղաքապետին, իսկ ավագանին՝ իրեն տրված մեծ լիազորություններով կվերահսկի նրա գործունեությունը:

Հ. Աբրահամյանի ներկայացմամբ, 12 թաղային համայնքները կդառնան վարչական շրջաններ, որոնք կունենան ոչ թե բյուջե, այլ՝ վարչական ծախսերի համար նախատեսվող նախահաշիվ:

Երեւանի քաղաքապետի ընտրությանը կմասնակցեն քաղաքական ուժերը՝ համամասնական կարգով։ Ավագանիում տեղերի 40 եւ ավելի տոկոս տեղեր ստացած կուսակցությունը կստանա ավագանու տեղերի 50 տոկոս գումարած մեկ տեղ, իսկ ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա քաղաքապետ։ Եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվի հատել նշված սահմանագիծը, ապա կուսակցությունները կառաջադրեն թեկնածուներ:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի այս տարբերակը 2007 թ. հոկտեմբերին քննարկվել է Եվրոպայի խորհրդի փորձագետների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը եւ աշխատանքային խումբը, հաշվի առնելով ստացված առաջարկությունները, օրենքի նախագծում լրամշակումներ է կատարել։ Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը եւս ուղարկվել է Եվրախորհուրդ` հերթական փորձագիտական եզրակացություն ստանալու համար։

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ օրինագիծը նախատեսվում է ընդունել 2008 թվականի մարտից հետո:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն եւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլին հետաքրքրվեցին նաեւ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, համայնքների ֆինանսավորման եւ այլ ոլորտներում կատարվող օրենսդրական բարեփոխումների ընթացքով։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին