Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզ

00:00 / 20.11.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այցելեց Լոռու մարզի մի քանի գյուղեր։ Նախորդ այցելության ժամանակ մարդիկ իրենց հուզող հարցերն էին բարձրացրել, փոխվարչապետն էլ կոնկրետ աջակցություն էր խոստացել։ Հիմա էլ եկել էր իր աչքով տեսնելու, թե գյուղական բնակավայրերում ինչպես են իրականացվում կառավարության ծրագրերը։

«Գյուղական բնակավայրերի բնակարանաշինության համար այս տարի կառավարությունը 670 մլն դրամ է հատկացրել։ Վարչապետը ինքն էլ շրջում է գյուղերում, ծանոթանում շինարարական աշխատանքների ընթացքին։ Լոռու մարզի գյուղական համայնքներում այս տարի 75 բնակարան պետք է կառուցվի։
Համոզվեցինք, որ բարձր որակի շինարարական աշխատանքներ են կատարվում։ Մարզպետարանի կողմից էլ անհրաժեշտ վերահսկողություն է իրականացվում։

Նախորդ հանդիպման ժամանակ ծաղկաբերցիները խնդրել էին օգնել գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման գործում։ Հիմա մեր աչքով տեսանք, որ ներքին ցանցն ապահովված է։ Գյուղը նաեւ սելավատարի խնդիր էր բարձրացրել։ Այն նույնպես կառուցվել է։ ԱՆցած տարի Ծաղկաբերում պետբյուջեի հաշվին 7 բնակարան է կառուցվել, իսկ այս տարի 4-ն է կառուցվում։

Կարկուտից կրած վնասների դիմաց կառավարությունն անվճար կարտոֆիլի եւ հացահատիկի սերմացու է տրամադրել։ Փաստորեն համայնքի, մարզպետարանի եւ կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է։ Մինչեւ դեկտեմբերի 15-ը մարզի գյուղական բնակավայրերի բնակարանաշինության եւ մյուս բոլոր աշխատանքները կավարտվեն»,- ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին այսպես ներկայացրեց իր այցի նպատակը։

Գյուղի գազաֆիկացման 6,5 կմ երկարությամբ ներքին ցանցի կառուցման գործում գյուղացիներն անմասն չեն մնացել՝ համաֆինանսավորելով ընդհանուր ծախսերի 15 տոկոսը։
Փոխվարչապետը ծաղկաբերցիներին տեղեկացրեց, որ եկող տարի Համաշխարհային բանկի վարկով գյուղական բարեփոխումների ծրագրով կլուծվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի հարցը, իսկ մայրուղուց մինչեւ գյուղ ձգվող ճանապարը կվերանորոգվի Հազարամյակի մարտահրավերների ծրագրով։

Սակայն այդ ամենով համայնքի ողջ խնդիրները դեռեւս չեն լուծվում։
1988-ի ավերիչ երկրաշարժից 130 վնասված տներից 77-ը վթարային վիճակում են։ Շատերը դեռ տնակներում են ապրում։ Եվ անհանգստանում են, թե վերջապես ե՞րբ կգա նաեւ իրենց հերթը։ Այս առթիվ փոխվարչապետը հանձնարարեց գործող հանձնաժողովին հստակություն մտցնել եւ յուրաքանչյուր ընտանիքի տեղեկացնել, թե ե՞րբ կկառուցվի իրենց տունը։

Նաեւ հանձնարարեց այս տարվա ծրագրում ներառել եւս 4 կիսակառույցների շինարարությունը, որոնք ավարտին հասցնելու համար համեմատաբար քիչ աշխատանք եւ ծախս է պահանջվում։

Փոխվարչապետի հաջորդ կանգառը Մեծ Պարնիում էր, ուր եւս հաջողությամբ է իրականացվում բնակարանաշինության ծրագիրը։

1988-ի երկրաշարժի կենտրոն Շիրակամուտում երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթող է կառուցվում։ Հիմքն արդեն պատրաստ է, շուտով հուշաքարը կտեղադրվի։

«Մի քիչ էլ համբերեք, ամեն ինչ կառուցելու ենք։ Տուն էլ եք ունենալու, լավ դպրոց ու մանկապարտեզ էլ, ակումբ էլ։ Կարեւորն այն է, որ կառավարությունը նախանձախնդիր է գյուղական բոլոր ծրա•րերի իրականացման գործում»,- արդեն Արեւաշողի բնակիչներին դիմելով, ասում է փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Սպիտակ քաղաքի հարեւանությամբ գտնվող այս գյուղը, որ երկրաշարժին 123 զոհ է տվել, ոչ միայն չի վհատվել, այլ զորանում եւ աճում է։ Երկրաշարժից հետո Արեւաշողի տնտեսությունների թիվն ավելացել է 180-ով, հասնելով 880-ի։

Գյուղում այս տարի պետական միջոցներով 14 շքեղ տներ են կառուցվում։ Այս փաստըլ հուսադրում ու գոտեպնդում է դեռեւս տնակում ապրողներին։

Լուռու մարզպետ Արամ Քոչարյանը ներկայացնում է, որ սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով Արեւաշողում 110 մլն դրամ արժողությամբ համայնքային եզակի կենտրոն է կառուցվելու։ Այժմ շինարարությունն իրականացնելու մրցույթն է ընթանում։

Հատկատես աղետի գոտու գյուղական բնակավայրերում խնդիրներ դեռ շատ կան։ Սակայն կառավարության որդեգրած՝ տարածքների զարգացման այսօրվա քաղաքականությունը եւ հատկապես գյուղական բնակավայրերում նախանշված ծրագրերի իրականացումը հույս են ներշնչում, որ զարգացման անհամաչափությունները կհաղթահարվեն են վաղվա գյուղն իր կենցաղով, իր ենթակառուցվածքներով մրցունակ է լինելու բոլոր առումներով։

Անահիտ Հայթայան

← Վերադառնալ ցուցակին