Նորություններ

Պաշտոնական

Հայ-գերմանական համագործակցություն

00:00 / 19.11.2007


Լայպցիգը կօժանդակի Վանաձորին

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց «Քաղաքների ցանցի աջակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած գերմանական պատվիրակությանը՝ Լայպցիգի երկրամասի տարածաշրջանի ղեկավար Պեթրա Քյոփինգին, Լայպցիգի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետ Հայկո Ռոզենթալին, Գրոս Պյոսների քաղաքապետ Գաբրիելա Լանչին, Լայպցիգի երկրամասի «Տնտեսական աջակցություն» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Մյուլեր Սիրինգին, Լայպցիգի քաղաքային մաքրման տեխնիկական տնօրեն Ֆրանկ Ռիխտերին եւ ուրիշների:

Նա ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից ողջունեց հյուրերին եւ հավաստիացրեց, որ հայ-գերմանական միջկառավարական համագործակցությունը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մակարդակներում կարեւորվում եւ մշտապես գտնվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին այս ծրագրով Վանաձորի հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու հնարավորությունները, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, աղբահանության, համայնքային բնակարանային տնտեսության եւ տուրիզմի բնագավառներում:

«Քաղաքների ցանցի աջակցություն Հարավային Կովկասում» ծրագրի նպատակն է բարձրացնել բնակչությանը համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակը, բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ ապահովելով բնակչության մասնակցությունն այդ միջոցառումներին:

Այս պահին Հայաստանում կատարվում են փաստագրության առաքելություն իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ: Գերմանական կողմը ցանկանում է ծանոթանալ այստեղ համագործակցության հնարավորություններին եւ անցկացնել խորացված քննարկումներ միջազգային, ազգային, տեղական հաստատությունների հետ:

Լայպցիգից ժամանած պատվիրակությունը վաղը կաշխատի Վանաձորում։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին