Նորություններ

Պաշտոնական

Տեղական ինքնակառավարման համակարգը 11 տարեկան է

00:00 / 10.11.2007

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 11-ամյակի կապակցությամբ այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի որոշմամբ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ համայնքապետեր, քաղաքապետեր պարգեւատրվեցին Հուշամեդալով:

«Պետությունը կարեւորում է տեղական ինքնակառավարման այս ինստիտոտը, քանի որ զարգացած համայնքը հզոր պետության գրավականն է: Եթե համայնքները խնդիրներ չունենան, ուրեմն՝ կառավարության հոգսերը քիչ կլինեն։

Համայնքների այսօրվա խնդիրները լուծելու, տարածքների զարգացման նպատակով վերջին տարիներին ՀՀ կառավարությունը դեմքով շրջվել է դեպի մարզերը: Հատկապես կարեւորվում է ենթակառուցվածքների զար•ացումը»,- նախարարությունում կազմակերպված հանդիսության ժամանակ, շնորհավորելով համակարգի ողջ անձնակազմին, ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման ու կայացման գործում նա ընդգծեց ոչ միայն ՀՀ նախագահի, վարչապետի , կառավարության ներդրումը, այլեւ տարածքային կառավարման մարմինների դերը։
Հանրապետությունում տարվող ապակենտրոնացման քաղաքականությունն արտահայտվում է նաեւ շատ լիազորություններ դեպի համայնքներ տեղափոխելով:

«Այն իրականացվում է համայնքների կայացմանը զուգընթաց, որովհետեւ չկայացած համայնքին նոր լիազորությունների փոխանցումն ավելի շատ բացասական արդյունք կարող է տալ: Այդ է պատճառը, որ որդեգրել ենք ինստիտուտի կայացմանը համահունչ ապակենտրոնացման քաղաքականություն»,-ասաց փոխվարչապետը:

«Ես երջանիկ եմ, որ մասնակցել եմ Հայաստանում տարվող այս գործընթացներին: Մեր աշխատանքը ցանկալի արդյունք տվեց, քանի որ այն ճիշտ ընկալվեց հայ գործընկերների կողմից»,-ասաց «Համայնքների զարգացում Հայաստանում » ծրագրի ղեկավար Դետլեֆ Դիքսը, վստահություն հայտնելով, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտը Հայաստանում շարունակաբար զարգացում կապրի:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին