Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին

00:00 / 19.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա- Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ։

Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Շտեֆեն Ռայխեն միակարծիք էին, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները ավելի արդյունավետ եւ ջերմ են դարձել բոլոր ուղղություններով։

Պարոն Ռայխեն հավելեց, որ ակտիվանում են անգամ հայ եւ գերմանացի դպրոցականների հարաբերությունները։ Եւ իրենք փոխվարչապետի մոտ են եկել բարեկամացած չորս դպրոցներից մեկից։ Նաեւ հայտնեց, որ վաղն իրենց պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին։

Գերմանական պատվիրակությունը մինչ Հայաստան գալը եղել է Ադրբեջանում եւ Վրաստանում։ Շտեֆեն Ռայխեն շեշտեց, որ իրենք տպավորված են հատկապես Հայաստանի զարգացման տեմպերով։

Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ Հայաստանի ընդգրկումը եւ, ընդհանրապես, եւրոինտեգրման քաղաքականությունը։ Այս առթիվ ներկայացվեց մայիսին անցկացված խորհրդարանական թափանցիկ ընտրությունները։

Փոխվարչապետը հավելեց, որ մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարեւոր է, որ առավել ազատ ու թափանցիկ լինեն առաջիկա նախագահական ընտրությունները, ինչի համար ամենից շատ շահագրգռված է խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատվիրակության եւ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ կոնկրետ, գործնական հարցեր։

Երկուստեք խնդիր դրվեց ավարտին հասցնել ինչպես երկու երկրների, այնպես էլ Եվրամիության բոլոր երկրների հետ վիզաների տրամադրման դյուրացման գործընթացը։

Հանդիպման վերջում ՀՀ փոխվարչապետը հավաստիացրեց, որ իր կուսակցությունը ժողովրդավարության զարգացման ճանապարհով շարունակելու է թե՛ եվրոինտեգրման քաղաքականությունը, թե՛ տնտեսական զարգանցման գործընթացը։

Իսկ պարոն Ռայխեն ապագա հաջորղություններ մաղթեց Հայաստանին։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին