Նորություններ

Պաշտոնական

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

00:00 / 18.10.2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել` բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ մեկ անգամ եւս նախագիծը քննարկելու, այնուհետ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն անցկացնելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաեւ «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին:

Դրանցով առաջարկվում է տարբերակել անհատ ձեռնարկատերերի կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով, անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, իսկ կազմակերպությունների կողմից` անկախ մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակից, ուղեւորափոխադրումների կազմակերպման համար տրվող լիցենզիաները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման լիցենզիայի տրամադրման համար տարեկան տուրքը` բազային տուրքի 200-ապատիկի փոխարեն, սահմանել 25-ապատիկի չափով, մնացած դեպքերում գործող դրույքաչափը թողնվել է նույնը:

Կառավարությունը հավանություն է տրվել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ, ՀՀ հողային, քաղաքացիական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ ՀՀ մի շարք այլ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Նիստում գործադիրը քննարկեց օրակարգում ընդգրկված այլ հարցեր

← Վերադառնալ ցուցակին