Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերը

00:00 / 13.09.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեց ՀՀ կառավարության 02.11.2006 թ. թիվ 1911-Ն որոշմամբ հաստատված ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի իրականացման ընթացքը։

Մարզային առողջապահության համակարգերի օպտիմալացման 2007-2012թթ. ծրագրերի արդյունքում միավորվում են հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող եւ թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունները, լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները, հարկ եղած դեպքում` տարածքային պոլիկլինիկաները եւ հիվանդանոցները, ինչպես նաեւ գյուղական բժշկական ամբուլատորիաներն առանձնացվում են տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման եւ համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

Արդյունքում մարզերում հիվանդանոցների թիվը կկրճատվի 5-ով, պոլիկլինիկներինը` 30-ով, կլուծարվեն ութ նեղ մասնագիտացված դիսպանսերներ եւ 13 առողջության կենտրոնների ստացիոնար մասեր եւ շուրջ 80 000 քմ տարածք։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին մարզ առ մարզ ներկայացվեցին աշխատանքների ընթացքը, ծագած խնդիրներն ու խոչընդոտները։

Փոխվարչապետը հանձնարարեց մինչեւ սեպտեմբերի 25-ն ավարտել նախագծա-նախահաշվային աշխատանքները եւ հոկտեմբերից սկսել շինարարական աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում մարզպետները ներկայացրին ՀՀ կառավարության «Գումար հատկացնելու մասին» որոշման համաձայն մարզերին հատկացված 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին