Նորություններ

Պաշտոնական

ՀՀ կառավարության կողմից մարզերին հատկացված լրացուցիչ 10 մլրդ դրամով լուծելիք առաջնահերթ հիմնախնդիրների փաթեթը պատրաստ Է

00:00 / 08.08.2007

ՀՀ կառավարության կողմից հատկացված շուրջ 10 միլիարդ դրամով լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել, բացի բյուջեյով նախատեսված ծրագրերից, լուծել նաեւ առաջնահերթ այլ խնդիրներ:
Վարչապետը նպատակահարմար է համարել այդ նպատակով համամասնորեն ֆինանսավորել բոլոր մարզերին։

Մարզպետներին հանձնարարվել էր առաջարկություններ ներկայացնել առաջնահերթ հիմնախնդիրների վերաբերյալ։

Ի մի են բերվել համայնքների կողմից բարձրացված հիմնախնդիրները, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների հետ քննարկման արդյունքում կազմվել են ծրագրեր, որոնք ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում։ Առաջնությունը տրվել է զարգացմանն ուղղված եւ այն խնդիրներին, որոնց լուծումը հետագայում ծախսերի կրճատում կապահովի։

Նախնական ծրագրերում ընդգրկվել են քաղաքաշինական, ճանապարհաշինական խնդիրներ, դպրոցների, մանկապարտեզների, բնակելի շենքերի, մշակույթի օջախների հիմնանորոգումներ, գազաֆիկացման, լոկալ ջեռուցման ապահովման, ջրագծերի նորոգման եւ այլ միջոցառումներ։

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին ներկայացվեցին բոլոր մարզերի հրատապ լուծում պահանջող խնդիրները։

ՀՀ փոխվարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում դրանք քննարկվեցին պետական կառավարման պատկան մարմինների ղեկավարների հետ։

Մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների վերջնական փաթեթը կներկայացվի կառավարության քննարկմանը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին