Նորություններ

Պաշտոնական

Նոր ուստարվան ընդառաջ

00:00 / 18.07.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցությունում ֆինանսների եւ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության նախարարների, Երեւանի քաղաքապետի, մարզպետների եւ կրթության վարչությունների պետերի մասնակցությամբ քննարկվեցին նոր ուսումնական տարվան հանրակրթական դպրոցների նախապատրաստության, մասնավորապես` աշակերտական եւ ուսուցչական համակազմերի հարաբերակցության կարգավորման, ուսուցիչների դրույքաչափերի ապահովման եւ դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հարցեր։

Կրթության պատասխանատուներին հանձնարարվեց գործնական քայլեր կատարել հանրակրթական հաստատությունները նոր ուսումնական տարվան պատշաճ ձեւով նախապատրաստելու, դրանց ֆինանսավորման խնդիրները միջնաժամկետ ծախսային ծրագրերին եւ ՀՀ պետական բյուջեին համապատասխան լուծելու ուղղությամբ։

Մարզպետների հետ քննարկվեց նաեւ համայնքներում նախորդ տարիներին աշխատավարձի գծով կուտակված պարտքերի մարման, ինչպես նաեւ 2007թ. ընթացիկ աշխատավարձերի վճարումների գործընթացը։
Աշխատավարձերի նախորդ տարիների շուրջ 2.8 մլրդ դրամ պարտքից (ներառյալ` սոց.վճարները) հուլիսի 1-ի դրությամբ մարվել է 643.1 մլն.դրամ (22.9%)։

Մարզպետներին հանձնարարվեց վերլուծություններ կատարել եւ 20-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ըստ տարիների համայնքներում աշխատավարձի եւ սոց.վճարումների գծով 1996-2006 թթ. կուտակած պարտքերի առաջացման պատճառները։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին