Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն` նվիրված "Խոսրովի սողանքների" 2007 թ. ակտիվացման հետեւանքները վերացնելուն եւ նոր վտանգները կանխելուն

00:00 / 10.07.2007

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված Արարատի մարզում սողանքների 2007թ.-ի ակտիվացմանը։

Ինչպես հայտնի է, 2007թ. մայիսի վերջին-հունիսի սկզբին Արարատի մարզի Վեդի քաղաքից եւ Ուրցաձոր գյուղից դեպի հյուսիս-արեւելք եւ «Աղբուլակ» տեղամասում տեղի են ունեցել մեծ չափերով սողանքային երեւույթներ։

Այս առթիվ տեղադիտական ուսումնասիրություններ են կատարել թե ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը եւ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը։

Խոսրովի սողանքների 2007 թ. ակտիվացման հետեւանքները վերացնելու եւ նոր վտանգները կանխելու ուղղությամբ առաջարկներ ներկայացրին նաեւ Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները։

ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծել, որում կընդգրկվեն նշված բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները։

Պահանջվեց 10-օրյա ժամկետում կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ, ի մի բերել բոլոր առաջարկությունները եւ հստակեցնել, թե կոնկրետ ի՞նչ մասնագետներ, ի՞նչ տեխնիկա եւ ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ 2007 թ. սողանքների ակտիվացման հետեւանքները վերացնելուն եւ նոր վտանգները կանխելու ուղղությամբ` ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին