Նորություններ

Պաշտոնական

Խորացվող փոխհարաբերություններ

00:00 / 02.05.2007

Այսօր ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրիին (նստավայրը` Թեհրան)։
Դեսպանն իր երկրի իշխանությունների անունից հայտնեց, որ ԱՄԷ-ը նպատակադրված է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։
Երկու երկրների հարաբերությունների խորացման եւ ավելի հստակ, գործնական քայլեր կատարելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հայ-էմիրաթական միջկառավարական (միջպետական) հանձնաժողով ստեղծել։ Այս գաղափարը դեսպանի հավանությանն արժանացավ։ Նա խոստացավ հետամուտ լինել եւ նպաստել դրա ստեղծմանը։
Հովիկ Աբրահամյանը եւ դեսպանը քննարկեցին «Արփա-Սեւան ջրատարի ներդրումային ծրագրին» Աբու-Դաբի Զարգացման Հիմնադրամի կողմից 10 մլն ԱՄՆ դոլար վարկ հատկացնելուն վերաբերող մի քանի հարցեր։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրին տեղեկացրեց, որ Աբու Դաբի Հիմնադրամը, համաձայն իր կանոնադրության, ֆինանսավորում է ծրագրերի առավելագույնս 50 տոկոսը։ Այդ իսկ պատճառով նախատեսվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը վարկավորել 10 մլն-ով։ Նա նաեւ հավաստիացրեց, որ Աբու Դաբի Զարգացման հիմնադրամի մասնակցությունը կարող է խթանել համանման այլ հիմնադրամների մասնակցությունը։
ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը դեսպանին խնդրեց շնորհակալություն հայտնել Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Կասիմին, որն անցած տարի Հայաստան կատարած այցի արդյունքում Հաղարծին եկեղեցական համալիրի վերանորոգման մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր է իրականացնում։
ԱՄԷ դեսպանը նկատեց, որ այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում ԱՄԷ-ի կողմից նոր ծրագրեր կիրականացվեն, նոր ներդրումներ կլինեն։
Նախարար Հովիկ Աբրահամյանը երկու երկրների փոխհամագործակցության զարգացման առումով բարձր գնահատեց նաեւ Շարժայի Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության մուտքը Հայաստան։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան կառուցմանը վերաբերող եւ այլ հարցեր։
Դեսպան Խալիֆա Շահին ալ-Մրրին ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին եւ Հայաստանի հանրապետական կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ մաղթելով հույս հայտնեց, որ այս ընտրությունները ինչպես Հայաստանի հետագա զարգացման, այնպես էլ երկու երկրների փոխհարաբերությունների խորացման ու սերտացման նոր փուլ կնախանշեն։

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին