Նորություններ

Պաշտոնական

Դեպի էլեկտրոնային կառավարում

00:00 / 28.04.2007

2007 թվականի պետական բյուջեում ՀՀ Կառավարությունն առաջին անգամ նախատեսել է ծախսային առանձին տող՝ բոլոր 10 մարզպետարանների տեղեկատվական կենտրոնների, ինչպես նաեւ տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի (www.region.am) պահպանման եւ շահագործման համար։
Աշխարհի զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են տեղական ինքնակառավարման ոլորտում արդյունավետ կառավարման, ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության ապահովման, հետեւաբար՝ ինքնակառավարման արդյունավետության եւ որակի բարձրացման, ինչպես նաեւ՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման գործընթացն սկսվեց 1996-ին, երբ Չարենցավանի քաղաքապետարանում ստեղծվեց համայնքային տեղեկատվական-վերլուծական առաջին կենտրոնը:
Տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման ուղղությամբ վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ։
ՄԱԶԾ-ի «Աջակցություն տեղեկատվական հասարակության եւ ժողովրդավարական կառավարման զարգացմանը» ծրագրով 2001 թվականից 10 մարզպետարաններում, իսկ 2003 թվականից նաեւ 12 քաղաքներում իրականացվում է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր:
Ծրագրի շրջանակներում մարզպետարաններում ստեղծվել են տեղեկատվական կենտրոններ եւ տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգ (www.region.am) , որի միջոցով, մարզպետների եւ քաղաքապետերի որոշումները, մարզպետարանների եւ քաղաքապետարանների աշխատանքային նորությունները եւ այլ ընթացիկ տեղեկատվությունները հրապարակվում են իրենց վեբ կայքերում։ Տեղեկատվական կենտրոններն օգնում են բնակիչներին օգտվելու էլեկտրոնային կառավարման այդ համակարգից՝ հասու լինել մարզպետարանի (քաղաքապետարանի) աշխատանքին, ինչպես նաեւ օգտվելու ինտերնետ ցանցի ընձեռած հնարավորություններից։
Այս տարվա մարտից սկսեց գործել նաեւ Տարածքային կառավարման նախարարության www.mta.gov.am ինտերնետային կայքը, որը հետագայում կփոխարինի www.region.am-ին՝ դառնալով ողջ հանրապետության տարածքում ստեղծվելիք գլոբալ տեղեկատվական համակարգի կենտրոնական օղակը:
Այժմ ՀՀ ՏԿՆ պատվերով «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման եւ այն համայնքներում տեղադրման ու գործարկման աշխատանքները։ Համակարգն իր մեջ ներառելու է համայնքին վերաբերվող ողջ տեղեկատվությունը եւ հնարավորություն ունի հետագայում միանալու հանրապետության գլոբալ ցանցին: Բոլոր համայնքների համակարգերի միացումով ոչ միայն կամբողջանա գլոբալ ցանցը, այլեւ լիովին կապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը, առաջընթաց քայլ կարձանագրվի տարածքային կառավարման ոլորտում:
Նախատեսվում է նաեւ որոշ համայնքներում ստեղծել ներքին համակարգչային ցանցեր, ինչպես նաեւ իրականացնել համակարգից օգտվող աշխատակիցների վերապատրաստում:

← Վերադառնալ ցուցակին