ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

17:23 / 27.06.2016

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո‚ մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը։ Համաշխարհային փորձը ցույց է տվել‚ որ օպերատիվ փրկարարական աշխատանքներն առավել արդյունավետ են երկրաշարժից հետո առաջին շաբաթվա ընթացքում‚ երբ ավելի հավանական է մարդկանց փրկության գաղափարը։

Մարդկանց փրկելը՝ աղետի գոտում գտնվող յուրաքանչյուր մարդու պարտքն է։

Օգտագործեք ձեռքի տաք եղած բոլոր միջոցները՝ ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար:

• Փլատակներում մնացած մարդիկ զրկված լինելով ջրից և սննդից կարող են դիմանալ 7 օր։ Ուստի‚ աշխատեք որոնել և փրկել մարդկանց առաջին յոթ օրերին։
• Փլատակների մաքրումը‚ մարդկանց դուրս բերումը և տուժածներին օգնություն ցույց տալը պետք է կատարվեն մասնագետ փրկարարների ղեկավարությամբ:
• Փլատակների անզգույշ մաքրումը կարող է հանգեցնել հետագա նոր փլուզումների‚ իսկ ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով մարդիկ կարող են զոհվել։
• Կազմակերպեք առաջին բուժօգնության կետեր։ Այդ նպատակին կարող են ծառայել զբոսայգիները‚ մարզադաշտերը‚ մեծ հրապարակները։
• Բժիշկների և փրկարարների խմբերում անպայման պետք է լինեն հոգեբաններ և հոգեկան ցնցում ապրած մարդկանց ցույց տան հոգեբանական առաջին օգնություն։
• Փլատակներում գտնվողներից նույնիսկ ոչ մի ազդանշան չլինելու դեպքում որոնումը շարունակեք շների և հատուկ սարքերի միջոցով։

I. Եթե գտնվում եք փլատակներում խուճապի մի՛ մատնվեք‚ այլ հանգիստ և սթափ գնահատեք իրավիճակը։

ա․ Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։

բ․ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք)։ Եթե ձեզ հետ փլատակում կան և ուրիշ մարդիկ‚ հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց։

գ․ Կապ հաստատեք (գոռացեք‚ հնչեղ առարկաներով հարվածեք) դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ։ Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ և ճիշտ ուղիներ որոնել ձեզ և ուրիշներին փրկելու համար։ Հնարավորության դեպքում փրկարարներին զգուշացրեք ձեզ սպառնացող վտանգի մասին։

դ. Եթե առաջին երկու օրերի ընթացքում ձեզ չգտնեն‚ խուճապի մի՛ մատնվեք‚ խնայեք ձեր ուժերը‚ ավելորդ շարժումներ մի՛ արեք։

ե․ Եթե ձեր տրամադրության տակ կա սնունդ և հեղուկ՝ խնայողաբար օգտագործեք, բաժանելով առնվազն 15 օրվա։ Մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի‚ իսկ առանց հեղուկի՝ 7 օր։

զ․ Եթե հեղուկ չունեք‚ իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է‚ ձեր հագուստից կտրեք մի կտոր և դրա միջով պարզապես թրջեք բերանը (շուրթերը)։ Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը։

է․ Եթե մնացել եք փլատակում և հաստատ համոզված եք‚ որ կարող եք այնտեղից դուրս գալ‚ գործեք հետևյալ կերպ. զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները․ դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ։ Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ‚ ձողափայտեր‚ մետաղյա առարկաներ)։ Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը։

II. Եթե երկրաշարժից հետո որոշել եք ապրել ձեր տանը‚ ապա՝

ա․ ցանկալի է այդպես վարվել մասնագետ շինարարի հաստատած եզրակացությունից հետո.

բ․ ստուգեք՝ վնասված չեն արդյոք էլեկտրահաղորդալարերը‚ չկա արդյոք գազի արտահոսք.

գ․ ստուգեք վնասված չեն արդյոք վառարաններն ու ծխնելույզները‚ կրակ մի վառեք մինչև ավերածությունների լիակատար վերացումը.

դ. ստուգեք կոյուղին գործո՞ւմ է, թե ոչ.

ե․ ուշադիր զննեք բնակարանը․ չեն թափվել արդյոք վտանգավոր հեղուկներ (քիմռեակտիվներ‚ բենզին‚ նավթ).

զ․ զգուշորեն բացեք պահարանների և խորդանոցների դռները‚ որպեսզի ծանր առարկաներ չընկնեն ձեզ վրա։

Հետևեք՝ արդյոք հետցնցումներից պատերի վրա չեն առաջացել նոր ճեղքեր։

Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնություն‚ հրշեջ ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար։

Հեռախոսային ցանցի գերբեռնվածությունը կխափանի փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքը։

Երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետևեք ռադիոյով և հեռուստացույցով տրվող ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին։

Աղետի գոտում (հատկապես ամռանը) խիստ հավանական է դառնում համաճարակի սպառնալիքը։ Այդ իսկ պատճառով շտապ կազմակերպեք զոհվածների թաղումը։ Անհրաժեշտ է հորել նաև սատկած անասուններին։ Երբ մարդկանց մեծ մասն ապրում է առանց տարրական կենցաղային հարմարությունների‚ անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ուժեղ երկրաշարժերը միշտ էլ ուղեկցվում են զոհերով և ավերածություններով։ Թեև կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան‚ այնուամենայնիվ‚ վերոհիշյալ վարքականոնների ճիշտ կիրառումը կօգնի նվազեցնել ձեզ և ձեր շրջապատին սպառնացող վտանգը։

← Վերադառնալ ցուցակին