ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհային անվտանգությունն անտառներում

15:18 / 07.06.2016

Անտառներում հրդեհային անվտանգության ընդհանուր պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության 1998 թ.-ի սեպտեմբերի 19-ի N589 որոշմամբ հաստատված <<ՀՀ պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոններով>>:

ՀՀ անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանն ընդգրկում է անտառում ձյունածածկի վերացման պահից մինչև նոր ձյունածածկ գոյանալը, իսկ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանը` հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

1. Անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է`
ա) ասեղնատերև տնկարկներում, հին հրդեհատեղերում, ծառատապալ անտառամասերում, հատումների մնացորդներ և փայտանյութ թողնված հատատեղերում, չորացած խոտածածկով տեղերում, ինչպես նաև ծառերի սաղարթների տակ կրակ վառելը, վառվող լուցկի և ծխախոտի մնացորդ գցելը, որսի ժամանակ դյուրավառ կամ մարմանդ վառվող նյութերից պատրաստված խցկաններ օգտագործելը, յուղով ներծծված կամ բենզինով, նավթով և այլ վառելանյութերով հագեցված լաթեր թողնելը, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորելը, անսարք սնման համակարգ ունեցող մեքենաներ օգտագործելը, ինչպես նաև լցավորվող մեքենաների մոտ ծխելը կամ բաց կրակից օգտվելը.
բ) անտառների խոտհարքներում չոր խոտ և խոզան հրդեհելը:

2. Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում ՀՀ գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարությունները, նրանց համակարգում գործող կազմակերպությունները, համապատասխան տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում, որոշակի անտառամասերում կարող են արգելել կրակ վառելը` այդ անտառամասերում համապատասխան ցուցանակ տեղադրելով և դրա մասին մամուլով ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկելով բնակչությանը:

3. Բնակչության հանգստի համար օգտագործվող անտառներում կրակ վառելը թույլատրվում է միայն այդ նպատակով նախատեսված՝ մեկ մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված (մինչև հողի հանքային շերտը թաղիքից մաքրված) տարածքներում, իսկ կրակի անհրաժեշտությունը վերանալուց հետո այն պետք է խնամքով ծածկել հողով կամ հանգցնել ջրով` մինչև վերջնականապես մարելը:

4. Անտառներում աշխատանքներ իրականացնողները պարտավոր են`

ա) ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր և հաղորդակցուղիներ կառուցելու ժամանակ, անտառային հողերի օգտագործման մասին պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում, հավաքել և անտառից դուրս բերել փայտանյութի բոլոր մնացորդներն ու դյուրավառ նյութերը.
բ) հրդեհավտանգ ժամանակաշրջանում աշխատանքներ իրականացնելու ընթացքում վառելանյութերն ու քսանյութերը պահել փակ տարաներում, դրանց պահպանման վայրերը մաքրել բուսական ծածկույթից, փայտանյութի մնացորդներից` տարածքը շրջափակելով 1,5 մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտով.
գ) պայթեցման աշխատանքներ կատարելու դեպքում դրանց իրականացման տեղի և ժամանակի մասին նախապես՝ առնվազն 5 օր առաջ տեղյակ պահել անտառատնտեսությանը.
դ) աշխատանքների իրականացման վայրերում, օբյեկտներում կամ մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով միջոցառումների իրականացման գոտիներում անտառային հրդեհների մարման համար պատրաստ վիճակում ունենալ անհրաժեշտ հակահրդեհային սարքավորումներ ու առաջին անհրաժեշտության գործիքներ (ջրով լի տակառներ, ավազով լի արկղեր, կրակմարիչներ, կացիններ, բահեր և այլն).
ե) հրդեհավտանգ ժամանակաշրջանում օժանդակել անտառատնտեսություներին և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` անտառում աշխատանք կատարող անձանցից կամավոր հրշեջ ջոկատներ կազմակերպելու գործում:

5. Անտառներում աշխատանքներ իրականացնողները, ծառայություններ մատուցողները կամ միջոցառումներ կազմակերպողները պարտավոր են այդ գործընթացներում ներգրավված մասնակիցներին անտառ մտնելուց առաջ հրահանգավորել անտառում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, անտառային հրդեհների կանխման, ինչպես նաև դրանց մարման եղանակների մասին:

6. Անտառահատման աշխատանքներ կատարողները, անկախ անտառի հատման ձևերից և ժամանակից, պարտավոր են հատումից հետո հատատեղերը մաքրել փայտանյութի մնացորդներից: Յուրաքանչյուր առանձին դեպքում հատատեղի մաքրման եղանակները նշվում են անտառատնտեսությունների կողմից տրվող անտառահատման տոմսերում: Բոլոր տեսակի հատումների ժամանակ անտառահատման աշխատանքներ կատարողները պարտավոր են`

ա) կատարել հատատեղերի գարնանային լրացուցիչ մաքրում (եթե անտառի հատումն ու մաքրումը կատարվել են ձմռանը).
բ) հատումից հետո փայտանյութի մնացորդները դասավորել կույտերով կամ թմբերով (տեղափոխելու համար) կամ մանրացված վիճակում հավասարաչափ շաղ տալ հատատեղերում.
գ) հատված ծառերը հրդեհավտանգ ժամանակաշրջանում հատատեղերում թողնելու դեպքում մաքրել ճյուղերից և հավաքել դարսակներով:

7. Այն անձինք, որոնց տնօրինության տակ գտնվում են անտառներով անցնող`

1) երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ` պարտավոր են դրանց օտարման շերտերը մաքուր պահել թափուկից, փայտանյութի մնացորդներից և այլ դյուրավառ նյութերից.
2) էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր` պարտավոր են հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել փայտասյուների և կայմերի անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով.
3) խողովակաշարեր` պարտավոր են ապահովել առանձնացման շերտի և պաշտպանական գոտու անվտանգությունը` խողովակաշարերի հորերի շրջակայքը հանքայնացնելով 2-2,5 մետր լայնությամբ հողաշերտով:

8. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառի տարածքում գիտահետազոտական, նախագծահետախուզական և այլ աշխատանքներ կատարող անձինք մինչև աշխատանքներն սկսելը պարտավոր են անտառատնտեսություններին իրազեկել աշխատանքների տեղամասերի, հիմնական բազաների տեղադրման վայրերի, երթուղիների ուղղությունների մասին:

9. Անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով միջոցառումներ իրականացնողները պարտավոր են միջոցառումների իրականացման վայրերում անտառատնտեսությունների ցուցումով կահավորել աղբ հավաքելու և խարույկ վառելու համար նախատեսված տեղերը:

10. Անտառատնտեսությունները պարտավոր են`

1) հրդեհավտանգ ժամանակաշրջանում անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերում սահմանել պարեկային ծառայություն, մշտական հսկողություն և հերթապահություն.
2) անտառներում կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, պաշտպանական հանքայնացված շերտեր, ջրավազաններ, անտառները մաքրել փայտանյութի թափոններից և դյուրավառ նյութերից, իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ անտառատնտեսական միջոցառումներ.
3) հրդեհի մարման համար ունենալ անհրաժեշտ թվով կրակմարիչներ, վառելանյութի պահեստային անձեռնմխելի ֆոնդ, պատրաստի վիճակում պահել հակահրդեհային տեխնիկական, տրանսպորտային միջոցները.
4) պետական անտառներում աշխատանքներ իրականացնող, ծառայություններ մատուցող կամ միջոցառումներ կազմակերպող անձանց աշխատողների, բնակչության և դպրոցականների շրջանում բացատրական աշխատանքներ կատարել կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու հարցերի վերաբերյալ.
5) առավել հրդեհավտանգ անտառային ճանապարհների երկայնքով տեղադրել անտառներում կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ.
6) ստեղծել կրակ վառելու և աղբ հավաքելու կահավորմամբ հանգստի վայրեր.
7) հսկողություն իրականացնել անտառներում անտառային տնտեսության վարման հետ չկապված գործունեությամբ զբաղվողների կողմից հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ.
8) հրդեհների բռնկման դեպքում կազմակերպել հրդեհների մարման միջոցառումներ, հրդեհների մասին անհապաղ տեղյակ պահել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.
9) յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համաձայնեցմանը ներկայացնել հակահրդեհային պահպանության համալիր միջոցառումների ծրագիրը, որտեղ նախատեսվում են ծագած անտառային հրդեհների մարման համար մարզի բնակչության ներգրավման, համապատասխան տեխնիկայի և տրանսպորտի տրամադրման, պահեստային վառելանյութի պաշարի առանձնացման, ինչպես նաև հրդեհների մարման գործում ներգրավված անձանց սպասարկման, սննդի, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում` առաջին բուժօգնություն ցուցաբերելու պայմանները:

Անտառատնտեսությունները և անտառօգտագործողները պարտավոր են պետական անտառներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների, ըստ որոնց՝ անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պարտավոր են`

ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.
բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակահրդեհային նշանակության ճանապարհները.
գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով:

← Վերադառնալ ցուցակին