ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհի վայրի հետազոտությունը

15:09 / 12.04.2016

Հրդեհատեխնիկական փորձագետի կողմից հրդեհի վայրի հետազոտման նպատակն է հայտնաբերել այրման գոտուն բնորոշ, ջերմային ազդեցության ու ծխապատման հետքեր և դրանց միջոցով որոշել հրդեհի սահմաններն ու զարգացման ձևերը, հրդեհի օջախը, հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառի մասին մատնանշող հետքեր և իրեղեն ապացույցներ, այլ փաստեր ու հանգամանքներ։

Հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառի հայտնաբերումը (պարզաբանումը) հրդեհատեխնիկական փորձագետի կողմից իրականացվում է երեք հետևողական փուլերով.

1)մինչև հրդեհի առաջացումը դեպքի վայրում առկա իրավիճակի ուսումնասիրություն.
2)հրդեհի օջախի հայտնաբերում ու հետազոտում.
3)հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառի մասին վարկածների առաջադրում և հետազոտում։

Առաջինը հատկապես կարևոր է, երբ հրդեհի պատճառած ավերածությունները առավելագույնն են, այսինքն, երբ շինություններն այրվում են ամբողջությամբ (հիմնահատակ)։ Այդպիսի դեպքերում դժվարանում, իսկ երբեմն էլ դառնում է անհնար հրդեհի օջախի հայտնաբերումը` կառուցատարրերի ու նյութերի վիճակով։ Այդ իսկ պատճառով խիստ մեծանում է առաջին փուլի դերն ու նշանակությունը։

Հրդեհի առաջացման պատճառի որոշումը, ցանկացած դեպքում, հնարավոր է միայն այն դեպքում, երբ ճիշտ և հստակ է հայտնաբերված հրդեհի օջախը։ Չունենալով գոնե մոտավոր պատկերացումներ հրդեհի օջախի մասին, գրեթե անհնար է որոշել հրդեհի առաջացման պատճառը։ Միայն հստակ պարզելով, թե որտեղ է առաջացել այրումը, կարելի է լուծել դրա առաջացմանը նպաստած պատճառների հարցը, բացառել այն վարկածները, որոնք կապված չեն հրդեհի պարզված օջախի հետ։ Հրդեհի օջախի և պատճառի պարզաբանման համար կարևորագույն նշանակություն ունի դեպքի վայրի` ժամանակին և որակյալ զննությունը համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Զննության ժամանակին և տեխնիկապես ու տակտիկապես գրագետ իրականացումը, դրա անցկացման ընթացքում ժամանակակից միջոցների, մեթոդների, հնարքների կիրառումը թույլ են տալիս հայտնաբերել, ամրագրել, ուսումնասիրել և ճիշտ օգտագործել նյութական հետքերը (որպես իրեղեն ապացույցներ)` հրդեհի առաջացման առաջնային (տեխնիկական) պատճառը, հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև որոշակի անձանց մեղավորությունը կամ անմեղությունը պարզելու համար։ Դեպքի վայրի զննությունը պահանջում է իրապես գիտական մոտեցում, որտեղ միաժամանակ օգտագործվում են քննչական և փորձագիտական աշխատանքի գիտատեխնիկական և տակտիկական բոլոր հնարքներն ու մեթոդները։ Դեպքի վայրի զննությունը ոչ միայն անհետաձգելի, այլև անփոխարինելի քննչական գործողություն է, քանզի ականատեսների բացատրությունները (թեկուզ շատ մանրակրկիտ) և գործի այլ նյութերը չեն կարող փոխարինել (կոմպենսացնել) սեփական աչքերով իրավիճակի զննմանն ու ընկալմանը` քննության համար բազմաթիվ կարևոր և որոշիչ դետալներով։

Հրդեհների հետաքննության ժամանակ հենց հրդեհի վայրի զննությամբ է սկսվում ապացույցների շղթայի պարզաբանումը, որն անհրաժեշտ է հրդեհի առաջացման պատճառը գտնելու, դրա առաջացման մեջ մեղավորներին հայտնաբերելու համար։ Հրդեհի վայրի զննությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք կատարողներից պահանջում են հատուկ որակավորում, խիստ օբյեկտիվություն և մանրակրկիտություն աշխատանքում։

Հրդեհի վայրի զննությունն իր մեջ ներառում է 3 գլխավոր խնդիր.

1.հետքերի և իրեղեն ապացույցնեի հայտնաբերում.
2.գործի համար նշանակություն ունեցող իրավիճակի և այլ հանգամանքների պարզաբանում.
3.ֆիքսացիա (արձանագրում, ամրագրում)։

Եթե դեպքի վայրի զննությունը իրականացվել է փորձագետի մասնակցությամբ, ապա վերջինիս խնդիրն է (բացի վերը նշվածներից) հետազոտել հրդեհի վայրը այրման բնութագրական հետքերի և երևույթների միջոցով, պարզել այրման գոտու սահմաններն ու ձևերը, ջերմային ազդեցությունը, ծխապատումը, հրդեհի օջախի հատկանիշները։

Հայտնաբերումը դա հրդեհի վայրում տեսողական զգացողությամբ և տեխնիկական միջոցներով (խոշորացնող ոսպնյակներ, լուսազտիչներ, ինդիկատորներ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ և այլն) փաստացի տվյալների ակտիվ հայտնաբերումն ու հաստատումն է։

Պարզաբանումը դա հետազոտման օբյեկտների զննման ժամանակ մի շարք տրամաբանական մեթոդների և հնարքների օգտագործումն է (չափում, հաշվում, նկարագրում, երկրաչափական պատկերների և գրաֆիկների կառուցում, համեմատում, էքսպերիմենտ (փորձարարություն), մինչև հրդեհը եղած իրավիճակի մոդելավորում և այլն)։

Ֆիքսացիան դա դեպքի վայրի զննության արձանագրության մեջ օբյեկտների վիճակի և հատկությունների, դեպքի վայրից իրեղեն ապացույցների առգրավման հստակ և լրիվ նկարագրությունն է, պլանների, գծագրերի, սխեմաների կազմումը, լուսանկարների, կինո կամ տեսանկարահանումների կատարումը և այլն։

Հրդեհի վայրի զննության ժամանակ լուծվում են հետևյալ խնդիրները` ա)օբյեկտի շինարարական և կոնստրուկտիվ (կառուցատարրային) առանձնահատկությունները, որոնք առնչվում են հրդեհի զարգացման, մարման և հետևանքների հետ։

Այդ առանձնահատկությունների թվին են դասվում`

-հարկերի քանակը և հատակագծումը (պլանիրովկա), դրանց ընդհանուր բարձրությունը, չափերը պլանում.
-արտաքին և ներքին հիմնապատերի, սյուների, հենարանների, միջնապատերի, միջհարկային, վերնկուղային և ձեղնահարկային ծածկերի, ներքին սանդուղքների, կրող կառուցատարրերի, ծպեղների, հենագերանների, կավարամածերի, հակահրդեհային պատերի և դռների և այլնի կառուցվածքն ու նյութը (ինչի՞ց են).
-ջեռուցման, լուսավորման և օդափոխության համակարգերի առկայությունն ու վիճակը.
-հորանների, որմնաբացվածքների, հաղորդակցման ուղիների և հարկերն ու սենքերն (սենյակները) իրար հետ կապող այլ բացվածքների (անցքերի)
առկայությունն ու վիճակը.
-հեռավորությունը մինչև հարևան շենքեր (շինություններ, սարքվածքներ), վերջիններիս հրակայունության աստիճանը կամ պատերի ու ծածկի նյութի տեսակը.
-այլ կառուցաշինարարական բնույթի տվյալներ, որոնք առնչվում են հրդեհի առաջացման պատճառի, կրակի ու ծխի տարածման, մարդկանց փրկելու, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման հետ։
բ)Էլեկտրացանցերի, էլեկտրասարքավորումների և գազային տնտեսության առկայությունը, այսինքն`
- էլեկտրական ցանցի և էլեկտրասարքավորումների համապատասխանելիությունը Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին.
- էլեկտրական ցանցի ճիշտ մոնտաժը, տեխնիկական վիճակը, ինչպես նաև օբյեկտը սնող մոտակա տրանսֆորմատորային ենթակայանի պաշտպանությունը (վիճակը).
-շանթապաշտպանությունը, հողակցման, գազացանցի և այլ էլեկտրասարքավորումների ճիշտ մոնտաժումը.
-աշխատանքի ընթացքում ստատիկ էլեկտականություն հավաքող և առաջացնող համակարգերի, սարքավորումների, սարքերի ճիշտ մոնտաժումը։
գ)հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհի հայտնաբերման, ահազանգման և շիջման ավտոմատ (կիսաավտոմատ) համակարգերի, ինչպես նաև կապի միջոցների վիճակը, այսինքն`
-հրդեհից հետո ներքին հրշեջ ծորակների, փողակների, փողրակների և հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեղակայման տեղերը.
-հրդեհի հայտնաբերման և ահազանգման ավտոմատ (ինքնաշխատ) համակարգերի տախնիկական վիճակը, տվիչների տեսակը, աշխատած տվիչների քանակը, ճառագայթների համարները, դրանց տեղակայման պլանը, հրդեհաշիջման ավտոմատ (կիսաավտոմատ) համակարգերի առկայությունը, բնութագիրը, դրանց տվիչների տեղաբաշխման պլանը, աշխատած տվիչների տեղերը.
-կապի միջոցների բնութագիրը, դրանց տեղակայման վայրերը։
դ)հրդեհի զարգացման, շինարարական կառուցատարրերի և նյութերի պահվածքը հրդեհի պայմաններում, այսինքն`
-մետաղական կառուցատարրերի փլման, դեֆորմացման առկայությունն ու բնութագիրը.
-փլման, դեֆորմացիայի տեղերը, ձևը, չափերը.
-փլման, դեֆորմացիայի կամ այրման աստիճանը.
-այլ երևույթներ, որոնք տեղի են ունեցել հրդեհի ժամանակ և դրանց ազդեցության աստիճանը հրդեհի զարգացման և մարման վրա։

Տվյալ խնդրի լուծման համար փորձագետը հետազոտում է յուրաքանչյուր կառուցատարր, դրա շինարարական բնութագիրը, պահվածքի առանձնահատկությունները այրման ջերմային ազդեցության և ծխապատման ընթացքում։

ե)հրդեհի օջախի, այրման տարածման ուղղվածության, այրման գոտուց` ջերմային ազդեցության գոտի, ջերմային ազդեցության գոտուց` ծխապատման գոտի անցումների սահմանների հատկանիշների հայնաբերումն ու ֆիքսումը։
զ)առարկաների (որոնք կարող են հանդիսանալ իրեղեն ապացույցներ) հայտնաբերումը, ֆիքսումը, առգրավումը և պահպանման ապահովումը։
է)տվյալների հավաքագրումը, որոնք արտացոլում են այն իրավիճակը, որում թաքնված է հրդեհի պատճառը, առաջացել և զարգացել է հրդեհը, տեղի է ունեցել հրդեհի հայտնաբերումն ու մարումը։
ը)ուղղակի և անուղղակի հատկանիշների համախմբմամբ հրդեհի առաջացման տեղի (օջախի) որոշումը։
Հրդեհի վայրի զննման ժամանակ կարող են լուծվել նաև այլ հարցեր, բայց դրանք բոլորը բխում են օբյեկտի` որտեղ տեղի է ունեցել հրդեհը, սպեցիֆիկայից (հատկորոշումից)։ Հարկավոր է նշել նաև, որ անկախ հրդեհի պատճառած ավերածությունների աստիճանից, ցանկացած դեպքում հրդեհի վայրի զննումը կարող է հանգեցնել դրական արդյունքների։

Օջախի հատկանիշները և այրման ուղղվածությունը հանդիսանում են բնութագրական և օրինաչափ սպեցիֆիկ (հատկորոշիչ) ապացուցողական փաստեր։ Դրանց հայտնաբերումը, հետազոտումը և արձանագրումը (ֆիքսացիան) կազմում է ինչպես քննչական, այնպես էլ փորձագիտական աշխատանքի (հրդեհի վայրի զննության) հիմնական և առավել բարդ մասը։ Դեպքի վայրի որակյալ զննումը կարող է շատ բանով նպաստել հրդեհին նախորդող իրավիճակի ուսումնասիրմանը։

Հրդեհի վայրի որակյալ զննման պարտադիր նախապայման է հանդիսանում դրան մանրակրկիտ նախապատրաստությունը, այն է`
-նախնական ծանոթություն եղած նյութերին.
-համապատասխան գրականության, հրդեհային անվտանգության կանոնների և այլ նորմատիվ փաստաթղթերի ուսումնասիրում.
-անհրաժեշտ սարքերի և սարքավորումների նախապատրաստում։
Նյութերի հետ նախնական ծանոթությունը հատկապես կարևոր է, երբ փորձագետը կատարում է հրդեհի վայրի լրացուցիչ զննություն։ Նյութերի ուսումնասիրությունը, հատկապես դեպքի վայրի զննության արձանագրությունը (որը կազմվել է առանց փորձագետի մասնակցության), թույլ է տալիս տեսնել թերություններն ու բացթողումները, նախանշել լրացուցիչ զննման հերթականությունն ու սխեման, վերացնել նախորդ զննման բացթողումները և էապես լրացնել այն։
Համապատասխան գրականության, հրդեհային անվտանգության կանոնների և այլ նորմատիվ ակտերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առավել նպատակաուղղված հետազոտել հրդեհի վայրը, հայտնաբերել և ֆիքսել առկա թերությունները։

Անհրաժեշտ սարքերի և սարքավորումների նախապատրաստման մեջ մտնում են` ֆոտոապարատի երիզի լիցքավորումը, տեղափոխելի սարքավորումների` գազաանալիզարարի, ուլտրամանուշակագույն լուսավորիչի, լարման ինդիկատորի սարքինության ստուգումը, ինչպես նաև ինդիկատորային փոշիների, յուղալուծիչ ներկանյութերի առկայությունը և այլն։

Զննման սպեցիֆիկան կախված է շենքի կամ շինության առանձնահատկություններից, այսինքն, օրինակ` արդյունաբերական շենքի հետազոտումը կարող է էապես տարբերվել անասնապահական շինության հետազոտումից։ Հետևաբար, դեպքի վայրի զննման նախապատրաստությունը կարող է տարբեր լինել։ Սակայն բոլոր զննումների համար ընդհանուր պայման է հանդիսանում այն բոլոր նյութերի նախնական ուսումնասիրությունը, որոնք կարող են հեշտացնել զննման անցկացումը։

Վերը նշված համապատասխան նախապատրաստումից հետո կարելի է անցնել հրդեհի վայրի զննմանն ու հետազոտմանը։ Հրդեհի վայրի զննումն ու հետազոտումը պետք է կատարվի օրվա ցանկացած ժամին` անկախ եղանակային պայմաններից։ Նախքան զննման ու հետազոտմանն անցնելը անհրաժեշտ է ծանոթանալ իրավիճակին, հեռացնել կողմնակի անձանց, ապահովել դեպքի վայրի պահպանությունը, իրեղեն ապացույցների և հետքերի հավաքումն ու պահումը, հարցաքննել ականատեսներին և այլ անձանց, որոնք կարող են տալ տեղեկություններ հրդեհի առաջացման և դրան նախորդող հանգամանքների վերաբերյալ։

Ամեն մի կոնկրետ դեպքում հրդեհի վայրի զննության և հետազոտման սխեման ընտրվում է` հաշվի առնելով օբյեկտի սպեցիֆիկան և քննիչի ու փորձագետի պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը։ Զննման ենթակա տեղամասը կարելի է պայմանականորեն բաժանել 2 գոտու.

1. տարածքը, որը հարակից է հրդեհի օբյեկտին,
2. օբյեկտը, այսինքն` այն տեղը, որի սահմաններում է ընթացել հրդեհի զարգացումը։

Փորձը ցույց է տալիս, որ նպատակահարմար է հետազոտությունը և զննումը սկսել առաջին գոտուց, որի սահմաններում իրականացվում են կողմնակի անձանց հետքերի, իրեղեն ապացույցների (որոնք մատնանշում են հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառը) որոնում, հայտնաբերում և ֆիքսում։ Այդ գոտու չափերը սահմանում են` հաշվի առնելով օբյեկտի սպեցիֆիկան և հրդեհի առաջացման պատճառի քննչական և փորձագիտական վարկածները։ Այսպես, եթե օբյեկտում, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ` էլեկտրացանցի վթարային ռեժիմի հետքերով, ապա առաջին հերթին զննման գոտու մեջ պետք է ներառել նաև մոտակա տանսֆորմատորային ենթակայանը (որը սնում է տվյալ օբյեկտը)։

Հրդեհի առաջացման կենտրոն է համարվում հրդեհի հայտնաբերված կամ ենթադրյալ օջախը։ Մի դեպքում զննումը նպատակահարմար է սկսել այն տեղից, որն ավելի քիչ է այրված, հետո անցնել առավել քիչ ածխացած առարկայից` ավելի շատ ածխացածին և հրդեհի հավանական օջախին։ Դա թույլ է տալիս ավելի կենտրոնացված և արդյունավետ ուսումնասիրել դեպքի վայրը, պարզել հրդեհի` մի գոտուց դեպի մյուսը անցման սահմանները, որոշել դրանց ձևերերը։

Մյուս դեպքում նպատակահարմար է հերթականորեն ուսումնասիրել` սկզբում բոլոր շինարարական կառուցատարրերը, իսկ հետո բոլոր սարքավորումները։ Երբեմն հարմար է լինում սկզբում ավարտել ամբողջ աշխատանքը որոշակի սենքում (սենյակում) կամ շենքի մասում, հետո անցնել այլ տեղամաս։ Կարող է հանդիպել նաև այնպիսի իրավիճակ, երբ նպատակահարմար է հետազոտումը սկսել հրդեհի հնարավոր (ենթադրյալ) օջախից, կոնվեկցիայի (ջերմափոխանցման) հաշվին այրման տարածման հնարավոր ուղիների պարզումից։

Միշտ օգտակար է հիշել հետևյալ կանոնը. “Հայտնաբերելով հրդեհի օջախի մեկ հետք` փնտրիր ուրիշները”։ Միայն ուղղակի և անուղղակի հատկանիշների համախմբությամբ կարելի է բավականին վստահորեն պնդել, որ հրդեի օջախը հենց այդ տեղում է։

Չի կարելի մշակել զննման միայն մեկ սխեմա։ Զննման մեթոդն ու հերթականությունը կախված են կոնկրետ պայմաններից, ընդհանուր նկարագրից և հանգամանքներից, հրդեհի բնույթից և զննումն իրականացնողը տեղում է կողմնորոշվում, թե որտեղից է պետք սկսել և ինչպես կատարել զննումը։

Զննումն իրականացնողից պահանջվում է կենտրոնացում, ուշադրություն և դիտողականություն։ Ամեն ինչ, որ հայտնաբերվել է հրդեհի վայրում, այս կամ այն կերպ կապված են իրար հետ և փոխադարձ պայմանավորված։ Զննման ընթացքում բոլոր օբյեկտներն ու առարկաները պետք է համակողմանիորեն ուսումնասիրվեն` փորձագետի համար մեկնարկային նյութերի նախապատրաստման և հրդեհի պատճառի պարզման նպատակով։ Զննման արդյունքների հիման վրա փորձագետը պարզում է առանձին երևույթների միջև եղած պատճառական կապը, կազմում է նախնական կարծիք այս կամ այն օբյեկտի և երևույթների նշանակության մասին (հրդեհի պատճառը պարզելու համար), վեր է հանում հրդեհի առաջացման որոշակի պատճառին բնորոշ հատկանիշները, իսկ դրանց որոշ մասը մերժում (որպես պատճառահետևանքային կապ չունեցող)։

Զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև նեգատիվ հանգամանքների վրա, որոնք հակասում են հրդեհի ժամանակ այրման պրոցեսի (գործընթացի) էությանը կամ այլ գործոններին ու հանգամանքներին։ Դրանք սովորաբար վերաբերում են դյուրավառ և այրվող հեղուկների, փայտե կառուցատարրերի և այլ այրունակ առարկաների հրդեհավտանգ հատկությունների անհամապատասխանելիությանը` հրդեհի վայրում նկատվող երևույթների հետ։ Նեգատիվ հանգամանքների առկայությունը բացահայտում է հետագա քննության համար արժեքավոր տվյալներ։ Եթե հայտնաբերվում են անհամապատասխանություններ, կամ բացահայտ հակասություններ հայտնաբերված (հաստատված) փաստերի և վկաների ականատեսների տված տեղեկությունների միջև, ապա այդ նեգատիվ հանգամանքները պետք է նախազգուշացնեն` հրդեհի օջախն ու պատճառը պարզելիս, ինչպես նաև կարող են մատնանշել որոշակի անձանց դիտավորյալ (կանխամտածված) գործողությունները։

Որպես նեգատիվ հանգամանքներ կարող են ծառայել նաև այն գործոնները, երբ երևույթներն ու հատկանիշները, որոնք պետք է ուղեկցեն որոշակի պատճառի, բացակայում են։ Օրինակ, հրդեհներից մեկի հետաքննության ժամանակ, ականատեսները պնդում էին, որ հրդեհն առաջացել է կայծակի ուղիղ հարվածից։ Կայծակի ուղիղ հարվածին բնորոշ հատկանիշները հետևյալն են`

-այրումը շենքի, շինության ամենաբարձր և միաժամանակ մի քանի տեղերում.
-մետաղի հալեցումը կամ նրա վրա երանգափոխված բծերի առաջացումը.
-փայտանյութի (ծառի) մասնատվածությունը կամ դրանից կեղևի անջատումը, փայտե կառուցատարրերի վրա ճեղքերի առաջացումը.
-աղյուսի փխրումը, աղյուսե ծխատարների վրա սպիտակ հետքի առաջացումը և այլն։

Տվյալ դեպքում նշված հատկանիշներից ոչ մեկն առկա չէր, հետևաբար հրդեհը չէր առաջացել կայծակի ուղիղ հարվածից։

(շարունակությունը 2-րդ մասում)

 

← Վերադառնալ ցուցակին