ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհի վայրի հետազոտությունը

15:11 / 12.04.2016

(2-րդ մաս)

Քննչական և փորձագիտական պրակտիկայում առանձնացվում են հրդեհի վայրի զննման 3 փուլ` ընդհանուր, հիմնական (մանրամասն), եզրափակիչ (ավարտական), որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները, խնդիրներն ու անցկացման առանձնահատկությունները։ Ընդհանուր զննման հիմնական նպատակն է ծանոթանալ հրդեհի վայրի իրավիճակի հետ, պարզել զարգացման գոտիների տարածման ուղիները, որոշել զննման սահմանները և նախանշել հերթականությունը, ֆիքսել զննման սկզբում եղած իրավիճակը կինո-ֆոտո-վիդեո նկարահանման, ձայնագրման և թղթի վրայի սևագիր նշումներով։ Սա ստատիկ զննում է, քանի որ իրականացվում է առանց իրավիճակը փոխելու (որն առկա է հրդեհաշիջումից հետո)։ Բացառություն են կազմում անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները։ Այդ շրջանում (փուլում) չեն իրականցվում այրված կառուցատարրերի և նյութերի կազմատում (քանդում) և պեղումներ (փորում)։

Ընդհանուր զննումը թույլ է տալիս հայտնաբերել և ֆիքսել այն ապացուցողական փաստերն ու հատկանիշները, որոնք փլվածքների քանդումից (կազմատումից) և մաքրումից հետո կարող են չպահպանվել և կորել։ Առկա իրավիճակն արտացոլվում է դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, ֆիքսվում է ֆոտոտեսանկարահանմամբ, կազմված պլան-սխեմաներում, որտեղ նշվում են այրման գոտու չափերը, ջերմային ազդեցությունն ու ծխապատվածությունը, նկարագրվում են այն բնութագրական հատկանիշները, որոնք բնորոշ են միայն այրման գոտիներին, ջերմային ազդեցությանը և ծխապատմանը։

Հարկ է նշել, որ ընդհանուր զննումն առավել մեծ նշանակություն է ձեռք բերում ապրանքանյութական արժեքների պահպանման օբյեկտներում (բազա, պահեստ, խանութ և այլն) տեղի ունեցած հրդեհների հետաքննության ժամանակ, քանի որ դրանց պահման տեղերի մանրակրկիտ զննումն ու դրանց` կրակից խոցելիության աստիճանը նպաստում են հրդեհի պատճառած նյութական վնասի ճիշտ գնահատմանն ու հանցագործության հետքերի (գողություն, յուրացում, պակասորդ և այլն) հայտնաբերմանը։

Հրդեհի վայրի զննման երկրորդ փուլը, որն էապես լրացնում է առաջինին, հիմնական զննումն է, որն անվանում են նաև դինամիկ։ Դրա նպատակն է բնութագրական հատկանիշների (որոնք մատնանշում են հրդեհի օջախը), այրման ուղղվածության հատկանիշների հայտնաբերումը, հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառը հաստատող փաստերի ու իրեղեն ապացույցների ակտիվ որոնումը, հայտնաբերումը և արձանագրումը (ֆիքսացիան)։ Այն հանդիսանում է ապացույցների շատ կարևոր աղբյուր և ուղեկցվում է կառուցատարրերի բացմամբ և կազմատմամբ, նյութական արժեքների հեռացումով, հատակների մաքրումով և այլն։ Այս փուլում հայտնաբերվում են հրդեհի օջախի հատկանիշները` անմիջապես դրա առաջացման տեղում, ինչպես նաև կարող են հայտնաբերվել հրդեհի պատճառը մատնանշող իրեղեն ապացույցներ։ Պետք է պարտադիր համարել հրդեհի օջախի հաստատված կամ ենթադրյալ տեղի պեղումները (փորումը), որոնց ժամանակ պետք է ուշադրություն դարձնել նույնիսկ հոտերին, որոնք կարող են հուշել հրդեհի առաջացման վարկածներ։ Հրդեհի օջախի և պատճառի վերաբերյալ ոչ մի վարկած (նույնիսկ ամենաթույլ) չպետք է անտեսվի և պետք է ամբողջովին ստուգվի այս փուլում։

Զննման եզրափակիչ փուլում`

-առգրավվում և փաթեթավորվում են հայտնաբերված իրեղեն ապացույցները.
-կազմվում են դեպքի վայրի զննության, իրեղեն ապացույցների առգրավման արձանագրություններ, պլան-սխեմաներ և գծագրեր` դրանցում նշելով այրման գոտու սահմանները, ձևերը, ջերմային ազդեցության և ծխապատման հետքերը, ինչպես նաև յուրաքանչյուր գոտուն բնորոշ առանձնահատկությունները.
-ճշտում են ընդհանուր և հիմնական զննումների արդյունքները.
-քննարկում են դիտողությունները, որոնք ներկայացվել են զննության մասնակիցների կողմից (ընթերակա, մասնագետ և այլն)։
Դեպքի վայրի զննության արձանագրությանը` պլան-սխեմաների, գծագրերի հետ մեկտեղ, անհրաժեշտ է կցել դեպքի վայրի, տարբեր տեղամասերի, իրեղեն ապացույցների լուսանկարներ` դրանց մանրամասն նկարագրությամբ։ Հարկ է նշել, որ դեպքի վայրի անբավարար հետազոտումն ու անհետաձգելի քննչական գործողությունների անորակ կատարումը բացասական է ազդում նախաքննության հետագա ընթացքի վրա, ինչպես նաև նվազեցնում է հրդեհատեխնիկական փորձաքննության ապացուցողական նշանակությունը այդ փուլում և դատական պրոցեսի ժամանակ։

Քննիչը հրդեհի վայրի հետազոտության արդյունքներն արձանագրելիս`

-առգրավում է իրեղեն ապացույցները, ծեփապատճեների և մատնահետքերի տեսքով պատրաստում կրկնօրինակներ.
-գծագրում է պլան-սխեմաներ.
-նկարում է առանձին դետալներ (մասեր).
-կազմում է դեպքի վայրի զննության արձանագրություն.
Հրդեհի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցներ են համարվում`
-հրկիզման գործիքը կամ նյութերի բռնկման սկզբնաղբյուրները` ջահ, լամպ, պատրույգ (կամ դրանց մնացորդները), այրվող հեղուկներ և դրանց տարաները.
-դյուրավառ, այրվող հեղուկների հետքերով առարկաներ կամ դրանց մնացորդները.
-ինքնաբռնկվող նյութերի խառնուրդների կամ միացությունների մնացորդներ, դրանց հետքերը ածուխների, մրի և տարբեր առարկաների վրա.
-էլեկտրահաղորդագծերից հոսանքի առքի (վերցման, հանման) հարմարանքները, կոթառները (պատրոն), էլեկտրալամպերը, էլեկտրահաղորդագծերը` հալման հետքերով կամ առանց դրանց, էլեկտրատաքացուցիչ սարքերը կամ դրանց տաքացնող էլեմենտները` լարերով, վարդակները, անջատիչները, ավտոմատները, ջերմային ռելեները, ապահովիչները, մագնիսական թողարկիչները, էլեկտրաշարժիչները և այլն.
-հրկիզման գործիքները գործարկելու համար օգտագործված ինքնաշեն տեխնիկական սարքվածքները.
-ջեռուցման սարքերի տեխնիկական անսարքությունները վկայող այրման և ածխացման հետքերը, առանձին առարկաները` միջանցիկ խորը այրուտի (տՐՏչՈՐ) առավելագույն այրվածության հետքերով.
-հետքերը, որոնք վկայում են բռնկման կոնկրետ աղբյուրի կիրառման մասին (ինչպես, օրինակ, մոխրակույտը կամ ածխակույտը օջախում կամ դրան հարակից), խողովակների գերտաքացման հետքերը (ինչը տեղի է ունեցել ջահերի, զոդման լամպերի օգտագործման արդյունքում), էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ առարկաները և սարքավորումները, էլեկտրահաղորդագծերի մնացորդները, էլեկտրաեռակցման հետքերը կառուցատարրերի, սարքավորումների և առարկաների վրա.
- հանցագործին պատկանող իրերը, նրա մատնահետքերը պատուհանների, դռների, շշերի, կահույքի վրա, ոտքերի կամ կոշիկի, տրանսպորտային միջոցի հետքերը և այլն.
-կողպեքները, փականքները, վնասվածության հետքերը դռան, պատուհանագոգերի վրա, այդ վնասվածքները հասցրած գործիքը.
-պատերի, միջնապատերի, ծածկերի քանդման հետքերը և քանդման համար օգտագործված գործիքները.
-հրդեհի օջախում կամ դրան հարակից հայտնաբերված փաստաթղթերի մնացորդները, որոնք կարող են մատնանշել այլ հանցագործություն թաքցնելու նպատակով կատարված հրկիզմանը.
-սպանության հետքերն ու գործիքները, դիակի հագուստի մեջ հայտնաբերված առարկաները, և այլն։
Իրեղեն ապացույցները պետք է ուսումնասիրվեն և նկարագրվեն զննման մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ, ճշգրիտ ֆիքսվեն դրանց հայտնաբերման տեղերը, լուսանկարվեն` իրենց հայտնաբերման տեղերում, փաթեթավորվեն և կնքվեն։

Հրդեհի վայրի զննման ժամանակ անհրաժեշտ է չափել`

-օբյեկտի տարածքի երկարությունն ու լայնությունը.
-օբյեկտից մինչև նրա մուտքը եղած հեռավորությունը.
-հրդեհի վայրի հեռավորությունը այլ շինություններից, իրար միջև, հակահրդեհային ջրագծից` հիդրանտներով և ջրամբարով.
-բուն օբյեկտի, նրա դռների, պատուհանների, տեխնոլոգիական որմնաբացվածքների երկարությունը, լայնությունը, բարձրությունը.
-դռներից կամ պատուհաններից մինչև ենթադրյալ կամ հաստատված հրդեհի օջախը եղած հեռավորությունը.
-ենթադրյալ կամ հաստատված օջախի (օջախների) չափերը.
-այրման գոտու ջերմային ազդեցության և ծխապատման չափերն ու սահմանները.
-իրեղեն ապացույցների չափերը։

Հրդեհի վայրի զննումն ուղեկցվում է դեպքի վայրի պլան-սխեմայի կազմմամբ, որում նշվում են սենքերի հատակագծումը, ելքերը, պատուհանները, ջեռուցման սարքերի, էլեկտրական վարդակների, պահպանության, հայտնաբերման, հրդեհաշիջման համակարգերի տեղակայման վայրերը և այլն։

Հրդեհատեխնիկական փորձաքննության առարկայի համար, որպես կանոն, անհրաժեշտ է 2 պլան` օբյեկտի տարածքի` ուրիշ շինությունների նշմամբ (գլխավոր հատակագծի մի մասը) պլանը և անմիջականորեն հրդեհի վայրի պլանը։ Հրդեհի վայրի պլանը կարող է լինել սխեմատիկ կամ մասշտաբային։

Պլանը պետք է ունենա հետևյալ ռեկվիզիտները (տվյալները)`

-գլխագիր` նշումով, թե ինչ է պատկերված.
-մասշտաբ (եթե պլանը մասշտաբային է).
-պայմանական նշանների կողմնորոշում.
-կազմման ամսաթիվը, կազմողի ու մասնակիցների ստորագրությունները։

Դեպքի վայրի զննության` արձանագրությունը հանդիսանում է գործով ապացույցների աղբյուր և միակ միջոցը` զննման ժամանակ հայտնաբերված ապացույցների դատավարական (պրոցեսուալ) ամրագրման ու փաստագրման համար։ Այն կազմվում է անմիջականորեն դեպքի վայրում, գրվում է հստակ, պարզ, կարճ ֆրազներով։ Շարադրանքը պետք է լինի տրամաբանական, համընդհանուր տերմիններով։ Արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են միայն այն առարկաները, որոնք ունեն գործի համար էական նշանակություն։ Արձանագրությունը (դեպքի վայրի զննության) բաղկացած է 3 մասից` ներածական, նկարագրական և եզրափակիչ (ավարտական)։

Ներածական մասում մատնանշվում են`

-տարին, ամիսը, ամսաթիվը.
-զննումն իրականացրած անձի պաշտոնը, կոչումը և ազգանունը.
-զննություն կատարելու հիմքը.
-դեպքի (հրդեհի) բնույթը.
-որտե՞ղ է կոնկրետ կատարվել զննումը.
-ու՞մ մասնակցությամբ.
-ու՞մ ներկայացությամբ.
-ո՞ր ժամից մինչև ո՞ր ժամն է անցկացվել զննումը, ի՞նչ լուսավորության և ի՞նչ եղանակի պայմաններում, (դիակի զննման ժամանակ պարտադիր պետք է նշել նաև օդի ջերմաստիճանը)։

Նկարագրական մասը բաղկացած է հրդեհի վայրում դիտվող վիճակի հետևողական և հերթականորեն նկարագրությունից։ Արձանագրությունը պետք է գրել ընդհանուրից դեպի մասնավորի սկզբունքով, այն պետք է լինի օբյեկտիվ և չեզոք։ Հրդեհի վայրի զննության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել նաև նեգատիվ (բացասական) հանգամանքների և երևույթների վրա (որոնք հակասում են հրդեհի ժամանակ այրման գործընթացին) և դրանք արտացոլել զննման արձանագրության մեջ։

Եզրափակիչ մասում թվարկվում են որպես իրեղեն ապացույցներ առգրավված առարկաները, հետքերը, հանցագործության գործիքները։ Եթե արվել են լուսանկարներ, կազմվել է պլան և այլն, դրանց մասին նշվում է եզրափակիչ մասի վերջում։

Արձանագրությունն ընթերցվում է բարձրաձայն։ Առաջինը ստորագրում է այն կազմողը, այնուհետև զննության մասնակիցներն ու ընթերակաները։

Հետազոտելով հրդեհի վայրը, փորձագետները ելնում (հիմնվում) են այն դրույթից, որ հրդեհն (ինչպես ցանկացած այլ երևույթ) առաջանում և զարգանում է տարածությունում և ժամանակի մեջ։ Այդ իսկ պատճառով փորձագետներն օգտագործում են ընդհանուրից դեպի մասնավորի ընդհանուր մեթոդոլոգիական սկզբունքը (հրդեհի վայրի զննման ժամանակ)։ Հայտնաբերելով հրդեհի ընդհանուր և սպեցիֆիկ հատկանիշները, ինչպես օրինակ, այրման գոտուց` ջերմային ազդեցության գոտի կամ ջերմային ազդեցության գոտուց` ծխապատման գոտի անցման ձևերը, չափերն ու սահմանները, փորձագետներն օգտագործում են մասնավոր (եզակի) հատկանիշները, որոնք բնորոշ են միայն հրդեհի զարգացման մի գոտուն։

Հրդեհի վայրի զննության ժամանակ անալիզը (վերլուծությունը) և սինթեզը (համադրումը) փորձագետների համար հանդիսանում են ելակետային գիտական բազա։ Վերլուծելով հրդեհի վայրը, փորձագետները, այն համապատասխան տեղամասերի բաժանելու միջոցով, հայտնաբերում են միայն օջախին բնորոշ հատկանիշների համախումբը (ամբողջությունը)։ Սինթեզելով (համադրելով, միավորելով) հայտնաբերված հատկանիշների համախումբը, փորձագետները վերականգնում են հրդեհի առաջացման ու զարգացման առաջնային (նախնական) պատկերը։

Ինչպես ցույց է տալիս փորձագիտական պրակտիկան, հրդեհի վայրի զննության ժամանակ լայն տարածում են գտնում զանազան տեխնիկական միջոցներ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի` չափման, հայտնաբերման, հսկողության և ֆիքսման։

Չափման տեխնիկական միջոցների շարքին են դասվում տարբեր երկարության չափերիզները, ծալովի մետրերը, մետաղական և ոչ մետաղական չափիչ քանոնները, շտանգենցիրկուլները, միկրոմետրերը և այլն։

Հայտնաբերման տեխնիկական միջոցները թույլ են տալիս պարզել հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառը կամ որոշել հրդեհի առաջացման տեղը։ Դրանց շարքին են դասվում ճարպալուծիչ և սպիրտալուծիչ ներկանյութերը, ինդիկատորային փոշիները, տեղափոխելի գազաանալիզարարները, ուլտրամանուշակագույն լուսավորիչները, ուլտրաձայնային դեֆեկտոսկոպները` էլեկտրաակուստիկ փոխարկիչներով, և այլն։

Հսկողության տեխնիկական միջոցները թույլ են տալիս հայտնաբերել էլեկտրացանցում առկա լարումը կամ դրա բացակայութունը` ապահովելով զննության մասնակիցների անվտանգությունը էլեկտրահամակարգն ուսումնասիրելու ժամանակ։ Դրանց թվին են դասվում պտուտակահան-ինդիկատորը` նեոնային լամպով, լարման առկայությունը որոշող սարքը և այլն։

Ֆիքսման տեխնիկական միջոցները փորձագետներին թույլ են տալիս ամրագրել հրդեհի վայրի առավել բնութագրական հատկանիշները և հետքերը, ընդհանուր պատկերը և հրդեհի զարգացման բնույթը։ Դրանց թվին են դասվում ֆոտոապարատները, տեսախցիկները և այլն։

Դեպքի վայրի զննության ժամանակ հրդեհատեխնիկական փորձագետն ավելի նեղ շրջանակի հարցեր է լուծում, քան քննիչը, բայց նրա խնդիրը շատ ավելի բարդ է։ Հայտնաբերված բնութագրական հատկանիշների և այրման հետքերի հիման վրա փորձագետը բացատրում է դրանց առաջացման բնությունը, իսկ քննիչը միայն ֆիքսում է դրանք։ Այդ իսկ պատճառով, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մասնակցելով հրդեհի վայրի զննությանը, փորձագետը (եթե նույնիսկ հրդեհի առաջացումից հետո անցել է տևական ժամանակ) շատ հաճախ բացահայտում է նոր փաստեր և հանգամանքներ, որոնք էապես փոխում են նախաքննության հետագա ընթացքն ու հրդեհի առաջացման նախնական վարկածը։

Հրդեհների հետաքննության ժամանակ հենց հրդեհի վայրի զննությամբ է սկսվում ապացույցների շղթայի պարզաբանումը, որն անհրաժեշտ է հրդեհի առաջացման պատճառը գտնելու, դրա առաջացման մեջ մեղավորներին հայտնաբերելու համար։ Հրդեհի վայրի զննությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք կատարողներից պահանջում են հատուկ որակավորում, խիստ օբյեկտիվություն և մանրակրկտություն աշխատանքում։

← Վերադառնալ ցուցակին