ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

«Թռչող» վտանգներ

09:45 / 18.05.2017

Տարվա տաք եղանակը հաճելի է ոչ միայն մարդկանց, այլև կենդանական աշխարհի փոքրիկ ներկայացուցիչներին` միջատներին: Ո՞վ ամռան զով գիշերներին գեթ մի անգամ չի արթնացել մոծակի տզզոցից: Իսկ ի՞նչ անել, եթե այգում խաղացող երեխային խայթել է մեղուն:

Առաջին հերթին աշխատեք այնպես անել, որ մեղուն երեխային չխայթի: Ուշադիր եղեք, որպեսզի նրա շուրջը ծաղիկներ չլինեն:

Թույլ մի տվեք, որ փոքրիկը ոտաբոբիկ դուրս գա փողոց:

Ծաղկավոր կամ վառ գունավոր նախշով հագուստն ավելի լավ է թողնել պահարանում: Նույնը վերաբերում է նաև դեղին զգեստներին, քանի դա մեղուների սիրելի գույնն է: Սպիտակ, կանաչ կամ բաց դարչնագույն հագուստն այդ առումով առավել անվտանգ է, քանի որ միջատներին չի գրավում:

Երեխայի ձեռքին չպետք է քաղցրեղեն լինի, հատկապես հյութեր: Եթե քաղցրավենիքի մնացորդները կուտակվեն երեխայի դեմքին կամ շրթունքների վրա, մեղուն կարող է մտնել նրա բերանը, խայթել շրթունքները: Ծայրահեղ դեպքում շշի բերանը պետք է փակ պահել, որպեսզի միջատները մեջը չմտնեն:

Ընդհանրապես ցանկալի չէ երեխաներին դրսում առանց մեծահասակների հսկողության թողնել: Եթե մեղուն կամ կրետն, այնուամենայնիվ, փոքրիկին խայթել է, ապա անմիջապես դուրս քաշեք խայթը:

Եթե խայթը մնացել է մաշկի մեջ, ապա անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ և զգույշ հեռացնել այն, քանի որ դրա ծայրին գտնվող թույնով լի փոքրիկ պարկը շատ նուրբ է ու, հեշտությամբ պայթելով, թույնը կարող է անցնել երեխայի արյան մեջ, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես, եթե փոքրիկն ալերգիկ է կամ դեռ չի լրացել նրա մեկ տարին:

Խայթը փշի նման ունելիով հանելը համարյա անօգուտ է, քանի որ մեղվի թույնով լի պարկը հեշտորեն կարող է պայթել: Ավելի լավ է սեղանի դանակի կլոր ծայրով սեղմել մաշկը և նախապես ախտահանված ասեղի ծայրով դուրս հանել խայթը: Աշխատեք գործել արագ և վճռական: Խայթը հանելուց հետո վերքը մաքրեք սպիրտով, մանրէասպան օճառով և մի քիչ «զելյոնկա» քսեք:

Եթե մաշկի այդ հատվածն կարմրում է կամ ուռչում, ուրեմն ալերգիա է առաջացել: Առավել տագնապալի ախտանշաններ են ուժեղ սրտխփոցը, շնչահեղձությունն ու փայտացումը: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել:

← Վերադառնալ ցուցակին