ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Անհրաժեշտ են, բայց…

09:19 / 18.05.2017

Վերջին տասնամյակի տեխնիկական առաջընթացի հետևանքով մեր կենցաղը, կարելի է ասել, գերհագեցել է տարատեսակ էլեկտրական սարքավորումներով: Սակայն մարդկային գյուտերը նրան հաճախ ոչ միայն օգուտ են բերում, այլև՝ վնաս: Երեխաներն ավելի շատ են ենթակա այս վտանգներին, քանի որ փոքր լինելով՝ նրանք չեն կարողանում կառավարել իրենց և ավելի քիչ շփվել հեռուստացույցի, համակարգչի, բջջային հեռախոսի և այլ տեխնիկայի հետ: Ահա ամենահաճախ կիրառվող սարքերի վնասակար ազդեցության տեսակները:

Համակարգիչ

Էկրանի պատկերը թրթռում է: Նույնիսկ եթե համակարգիչը վերջին արտադրության նմուշ է, ապա դա ձեզ չի օգնի խուսափել չափազանց պայծառ գույների ազդեցությունից: Աչքերը լարվում են և, որպես հետևանք, առաջանում է գլխացավ, գլխապտույտ, կարճատեսություն, աչքերում չորություն և քոր:
Երկար ժամանակ նույն դիրքով համակարգչի առաջ նստելիս մեծանում է ողնաշարին, ինչպես նաև պարանոցի և ուսերի մկաններին բաժին հասնող ծանրաբեռնվածությունը:

Բացի այդ, մոնիտորի շուրջն առաջանում է էլեկտրական դաշտ, որն ստիպում է օդում կուտակված փոշուն հավաքվել ձեր դեմքի և ձեռքերի վրա:

Այս ամենից խուսափելու համար համակարգիչն անհրաժեշտ է դնել հետնամասով դեպի պատը: Էկրանից պետք նստել առնվազն 50 սմ հեռու, հաճախ օդափոխել այն սենյակը, որտեղ դրված է համակարգիչը և խոնավ լաթով մաքրել փոշին: Համակարգչի վրա աշխատելուց հետո լվացվեք սառը ջրով: Աշխատանքի ընթացքում ընդմիջումներ անելը պարտադիր է: Մեծահասակների համար՝ երկու ժամը մեկ, երեխաները՝ կես ժամը մեկ 15 րոպեով:

Աշխատեք կարդալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ հետաքրքիր նյութերը կարդալ ոչ թե համակարգչի էկրանից, այլ՝ տպած վիճակում:

Բջջային հեռախոս

Որոշ հետազոտությունների համաձայն՝ տասը տարուց ավելի բջջային հեռախոսից օգտվող մարդկանց ուղեղն ավելի թույլ է պաշտպանված այնտեղ վնասակար նյութերի ներաթափանցումից: Դրա հնարավոր հետևանքներից են Պարկինսոնի ու Ալցհեյմերի հիվանդությունները և լսողական նյարդի վնասվելը:

Ճառագայթումը վատացնում է հիշողությունը, բարձրացնում արյան ճնշումը և ժամանակից շուտ ծերացնում օրգանիզմը:

Աշխատեք հնարավորինս քիչ օգտվել բջջային հեռախոսից և այն չպահել տաբատի գրպանում, ծոցագրպանում, գոտու վրա, և չկախել պարանոցից:

Փլեյեր

Փոքր ականջակալները չափազանց մոտ են գտնվում լսողական օրգաններին: Փողոցի ու տրանսպորտի աղմուկից երիտասարդները դրանք ավելի խորն են մտցնում կամ բարձրացնում երաժշտության ձայնը, ինչը բացասաբար է ազդում լսողության վրա: Գիտնականները հաշվել են, որ տասը տարվա ընթացքում օրական երեք ժամ անընդմեջ փլեյերով երաժշտություն լսելուց հետո մարդու լսողությունը շուրջ երեսուն տոկոսով վատանում է:

Ականջակալներով ռադիո կամ երաժշտություն լսող մարդիկ դառնում են ավելի ցրված, անուշադիր և ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի վտանգների (օրինակ՝ ավտովթարների):

Չի կարելի փլեյեր լսել տանը, տրանսպորտի մեջ ու աղմկոտ վայրերում: Բացի այդ, ավելի լավ է օգտվել մեծ, փափուկ ականջակալներից:  

← Վերադառնալ ցուցակին