ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Երեխայի անվտանգությունը տոն օրերին

09:58 / 18.05.2017

Տոնական միջոցառումները մանկության ամենապայծառ հիշողություններից են: Դրանք կապված են ոչ միայն ստացված նվերների, այլև շուրջը տիրող ընդհանուր տոնական մթնոլորտի, բացօդյա համերգների ու զբոսանքների հետ: Երբեմն ծնողները խուսափում են դրանցից՝ վախենալով կորցնել երեխային որևէ մարդաշատ վայրում:

Ինչպես անել, որ ամբոխի մեջ միմյանց որոնումները, ծնողների անհանգստությունն և երեխայի գլխին թափվող նախատինքները չմթագնեն ուրախ տրամադրությունը: Փորձենք հիշել, թե սովորաբար ինչից են սկսվում գրեթե բոլոր տոների նախապատրաստական աշխատանքները: Իհարկե, խանութ կամ տոնավաճառ արշավներից, որոնց հիմնական նպատակը նոր հագուստ կան կոշիկներ գնելն է:

Երեխայի համար զգեստ ընտրելիս աշխատեք, որ այն լինի վառ, աչք ծակող գույնի, որպեսզի փոքրիկի հեռանալու դեպքում կարողանաք հեշտությամբ գտնել նրան ամբոխի մեջ: Բաճկոնի ներսի կողմից կարող եք ամրացնել երեխայի անուն-ազգանունով, ձեր հեռախոսահամարով և առողջության հետ կապված կարևոր տվյալներով (ալերգիա, հակացուցված դեղեր, հիվանդություններ և այլն) փոքրիկ թղթի կտոր այնպես, որ բաճկոնն արձակելիս այն անմիջապես նկատվի: Տանից դուրս գալուց առաջ երեխային լուսանկարեք այն հագուստով, որով գնալու եք զբոսնելու: Աշխատեք, որ լուսանկարներում փոքրիկը երևա ամբողջ հասակով, դեմքի տարբեր արտահայտություններով՝ ժպտացող, մռայլ և այլն: Եթե նա որևէ առանձնահատուկ արտաքին նշան ունի, այն ևս առանձին լուսանկարեք: Լավ կլինի, որ դուք օգտվեք անմիջապես նկարը երևակող լուսանկարչական սարքից, որպեսզի նկարը վերցնեք ձեզ հետ և երեխայի կորելու դեպքում այն ցույց տաք շրջապատի մարդկանց: Եթե այդպիսին չկա, կարող եք վերցնել նրա վերջին լուսանկարներից: Նշենք, որ ընդհանրապես ցանկալի է երեխային լուսանկարել ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ:

Հագցնելով երեխային ևս մեկ անգամ ուշադիր զննեք նրան՝ լավ հավաքվա՞ծ են շարֆի կամ գլխաշորի ծայրերը և կոշիկների քուղերը, որպեսզի նա հանկարծ չընկնի և չվնասի իրեն: Հասնելով խանութ կամ զբոսանքի վայր՝ նախապես երեխայի հետ պայմանավորվեք, թե միմյանց կորցնելու դեպքում որտեղ եք հանդիպելու: Ընտրեք հեշտ նկատելի վայր՝ որևէ արձանի, յուրահատուկ շենքի, խանութի մուտքի կամ գունագեղ ցուցանակներից մեկի մոտ: Լավագույն տարբերակն այն է, որ երեխան կարողանա ցանկացած կետից տեսնել այդ վայրը:

Ամբոխի հետ ձուլվելով՝ բռնեք երեխայի ձեռքից և խնդրեք նրան անել նույնը: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ նա բռնի հագուստի թևքից, փեշից կամ պայուսակից, քանի որ այդպես դուք չեք նկատի նրա հեռանալը: Թույլ մի տվեք, որ նա միայնակ առաջանա դեպի համերգի բեմահարթակը կամ խանութի ցուցափեղկի մոտ: Գնացեք նրա հետ: Եթե խանութում մարդիկ հրմշտում են իրար, ապա երեխային պահեք ձեր առջևում, որպեսզի նա միշտ լինի ձեր տեսադաշտում:

Եթե երեխան կորել է, ապա ձեր շուրջը նրան ուշադիր փնտրել-չգտնելուց հետո գնացեք հանդիպման պայմանավորված վայրը և սպասեք նրան այնտեղ: Նույնը պետք է անի նաև երեխան: Եթե որևէ մեկն առաջարկի նրան շրջել խանութում կամ գրկել-բարձրացնել, որպեսզի նա ավելի լավ տեսի շրջապատը, փոքրիկը պետք է հրաժարվի: Եթե ծնողները երկուսով են, ապա մեկը պետք է սպասի պայմանավորված վայրում, իսկ մյուսը կարող է խնդրել միջոցառման կազմակերպիչներին կամ խանութի տնօրինությանը, որ ռադիոկապով կամ բարձրախոսով հայտնեն երեխայի կորելու մասին`չմոռանալով ճանապարհին շրջապատի մարդկանց ցույց տալ երեխայի լուսանկարը:

Եթե փնտրելիս նկատում եք փոքրիկին հեռվում, ապա մի բղավեք: Նա դժվար թե լսի ձեր ձայնն ընդհանուր աղմուկի մեջ, իսկ եթե լսի, ապա կարող է շփոթվել և կորցնել իր ուղենիշը: Նրան կարող են տանել բոլորովին այլ ուղղությամբ, այնպես, որ դուք կարող եք կորցնել նրան ձեր տեսադաշտից: Այդ պատճառով երեխային տեսնելիս աշխատեք նրան աչքի առաջ պահելով արագ-արագ մոտենալ:

Գտնելով երեխային ասացեք, որ դուք շատ էիք անհանգստանում, կարծում էիք, որ այլևս նրան չեք տեսնի և հիմա շատ երջանիկ եք, որ գտել եք նրան: Ձեր խոսքերը կօգնեն փոքրիկին դուրս գալ հուզական սթրեսից: Չէ՞ որ նա հայտնվել էր արտակարգ իրավիճակում, և եթե տեղն ու տեղը սկսեք նրա գլխին քարոզ կարդալ և նախատել, դժվար թե նա որևէ դաս քաղի պատահածից և, բացի այդ, նրա մեջ վախ կմնա, որ ինքը կրկին կարող է հայտնվել նման իրավիճակում:

Եթե նույնիսկ երեխան միանգամից չի գտել ձեր ժամադրավայրը, գովեք նրան և ասացեք, որ անհրաժեշտ է ավելի զգույշ և ուշադիր լինել: Հարցրեք, թե ինչը խանգարեց նրան արագ գտնել հանդիպման վայրը, պարզեք որոնք էին նրա սխալները և բացատրեք, թե ինչ էր անհրաժեշտ անել: Մտածեք, միգուցե՞դուք էիք հանդիպման համար անհաջող վայր ընտրել, և երեխան չի կարողացել այն անմիջապես գտնել:

Հարց է ծագում, թե այս պարագայում որքանո՞վ է օգտակար երեխայի հագուստին նրա անձնական տեղեկություններով թերթիկ փակցնելը: Հնարավոր է, որ որևէ վթարի կամ վնասվածքներ ստանալու դեպքում երեխան չկարողանա խոսել, և այդ թերթիկը կարող է օգնություն ցույց տվողներին կամ բժիշկներին կարևոր տեղեկություններ հաղորդել նրա մասին (օրինակ` այն դեղերը, որոնք հակացուցված են փոքրիկին):

Հետևելով այս խորհուրդներին` դուք կարող եք խուսափել տհաճ ապրումներից և պահպանել ձեր երեխայի անվտանգությունը: 

← Վերադառնալ ցուցակին