ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Կրկին ներկանյութերի մասին

11:02 / 17.05.2017

Փոքրիկներին սիրելի քաղցրավենիքի շատ տեսակների և զանազան հյութերի մեջ պարունակվող արհեստական ներկանյութերը և կոնսերվանտները երեխաներին ավելորդ աշխուժություն են հաղորդում ու դարձնում անկառավարելի: Կատարված հետազոտությունների հիման վրա այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները:

Երեխաների վարքագծի վրա քիմիական ներկանյութերի և կոնսերվանտների բացասական ազդեցության մասին ավելի վաղ էին սկսել խոսել, սակայն մասնագետներն ապացույցներ չունեին: Վերջերս այդ խնդիրը կարողացան լուծել Սաութհեմթոնի համալսարանի գիտնականները: Գիտափորձին մասնակցել է 3-4 տարեկան 277 երեխա, որոնք չորս շաբաթվա ընթացքում գտնվել են գիտնականների հսկողության ներքո: Առաջին շաբաթը նրանք ընդհանրապես ներկանյութերով սնունդ չեն օգտագործել, որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ մաքրվի նախկինում այնտեղ կուտակված ավելորդ ներկանյութերից: Հաջորդ շաբաթ երեխաներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկի ծնողներն ամեն օր փոքրիկներին տվել են հյութի մեջ լուծված արհեստական ներկանյութեր և կոնսերվանտներ (իհարկե, թույլատրվածից շատ ավելի քիչ քանակով): Մյուս խմբի երեխաները խմել եմ նույն հյութերը, բայց առանց քիմիական հավելումների: Երրորդ շաբաթվա ընթացքում փոքրիկների օրգանիզմը կրկին մաքրվում էր, իսկ չորրորդում նրանք նորից բաժանվում էին խմբերի և տարբեր հյութեր խմում: Ծնողներն առանց իմանալու, թե իրենց երեխաները որ խմբում են գտնվում, հետևում էին նրանց վարքագծին և մանրամասն նշումներ կատարում հատուկ օրագրերում: Հետազոտությունների այս ձևը պատահականության և սխալների հավանականությունը մոտեցնում է զրոյի:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քիմիական հավելումներով հյութեր խմող երեխաներն ավելորդ ակտիվություն են ձեռք բերում, դառնում անուշադիր և չափազանց իմպուլսիվ: Գիտնականների կարծիքով ներկանյութերը շատ դեղամիջոցների նման ազդում են անմիջապես հոգեկանի վրա: Դա նշանակում է, որ այդ ազդեցությանը ենթակա են ոչ միայն ալերգիաների նկատմամբ հակում ունեցողները, այլ ընդհանրապես բոլոր երեխաները: Մանկական հոգեբանները նշում են, որ երեխաների մեջ չափից ավելի ակտիվությունն ուղեկցվում է ուշադրության նվազմամբ, ինչը մանկական հոգեբուժության հիմնական խնդիրներից է: Կա նույնիսկ այսպիսի ախտորոշում` գերակտիվության և ուշադրության նվազման համախտանիշ:

Սովորաբար դա երևում է դեռևս վաղ հասակում: Սակայն դպրոցում այս խնդիրը կարող է ավելի լրջանալ: Լինելով չափազանց շարժուն և կամակոր` նման երեխաները չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա: Նրանք իսկական պատուհաս են դառնում իրենց ուսուցիչների և հասակակիցների համար: Այդ երեխաների պահվածքը կարող է դառնալ անկանխատեսելի և չպատճառաբանված:

Շատ երկրներում սննդային քիմիական կոնսերվանտներն ու ներկանյութերը թույլատրված է օգտագործել սննդամթերքի արտադրության մեջ, սակայն գոյություն ունեն նաև այնպիսիք, որոնց կիրառումը վտանգավորության պատճառով արգելված է: Ահա դրանցից մի քանիսը`

E 124 (կարող է ասթմայի նոպաներ առաջացնել, քաղցկեղածին է), E 122, E 210 (կրկին ասթմա է առաջացնում), E 211, E 212, E 213, E 110 (կարող է ալերգիայի պատճառ դառնալ և սրտխառնոց առաջացնել), E 102 և այլն:

Խանութներից գնումներ կատարելիս մի զլացեք ուշադիր զննել պիտակը: Քաղցրավենիքի կամ հյութերի բաղադրության մեջ նշված ներկանյութերի առկայության դեպքում խորհուրդ է տրվում զերծ մնալ դրանք գնելուց:  

← Վերադառնալ ցուցակին