Համագործակցություն

Համագործակցություն տեղական կազմակերպությունների հետ

                      Համագործակցություն՝ քաղաքացիական հասարակության
                                                      կազմակերպությունների հետ

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով վերջիններիս միջոցով ապահովել հանրության ներգրավվածությունը նախարարության կողմից քաղաքականության, ռազմավարությունների, ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացում:

Ոլորտային հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ակտիվ մասնակցությունը իրավական ակտերի տարբեր նախագծերի մշակմանը, համատեղ քննարկումները հնարավորություն են տալիս ունենալ առավել համապարփակ փաստաթղթեր, որդեգրել առավել արդյունավետ եւ իրատեսական քաղաքականություն: Համապատասխան փորձ եւ մասնագիտական հմտություններ ունեցող ՀԿ-ները ներգրվված են նաեւ տարբեր ծրագրերի իրականացման, միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներում:

Նախարարության հիմնական գործընկեր հասարակական կազմակերպություններն են.

"Համայնքների ֆինանսիստների միավորում"ՀԿ-ն, որի հետ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել հատկապես իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում: ՀԿ-ի մասնագետների ներգրավմամբ մասնավորապես մշակվել են "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի, "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ նոր օրենքի, "Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ"-ի նախագծերը, համատեղ իրականացվել են համայնքների խոշորացման հետ կապված ուսումնասիրություններ, վերլուծություններ, պիլոտային ծրագրերի մշակման աշխատանքներ:

"Հայաստանի համայնքների միություն" իրավաբանական անձանց միավորումը , որի հետ համատեղ կազմակերպվում են հանրապետության համայնքներին վերաբերող տարբեր միջոցառումներ: Մասնավորապես՝ գյուղական համայնքների, ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովները, ոլորտին վերաբերող տարբեր մրցանակաբաշխություններ (օրինակ՝«Լավագույն համայնք» տարեկան մրցանակաբաշխությունը) եւ միջոցառումներ:

"Հայաստանի ավագանիների ասոցիացիա" ՀԿ: Այս կազմակերպության հետ նախարարությունը գործակցում է ինչպես իրավական ակտերի մշակման (հատկապես ավագանու ինստիտուտի մասով), այնպես էլ համատեղ միջոցառումների կազմակերպման ուղղություններվ: ՀԿ-ի մասնագետները ներգրավվել են մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Ավագանու օրինակելի կանոնակարգ»-ի մշակման աշխատանքներում:

"Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն" ՀԿ-ի հետ համագործակցաբար նախարարությունը համայնքներում իրականացնում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (ՀԿՏՀ) ներդրման, ինչպես նաեւ համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծման աշխատանքներ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի  անդամ են: Նախարարությունը, տարբեր ծրագրեր իրականացնելիս, համագործակցում է բազմաթիվ այլ ՀԿ-ների հետ: