Նորություններ

Պատահարներ

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)

11:04 / 15.08.2022



Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է  մոտ 150 կամավոր։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան 

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան 

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցել է 185 փրկարարական ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 6 զոհ՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Օգոստոսի 16-ի ժամը 23։56-ի դրությամբ  հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցել է 155  փրկարարական ծառայող, ինչպես նաև 25 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից, 50 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի 1 ավտոկռունկ և շտապօգնության 3 բրիգադ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Կա 16 զոհ և 2 անհետ կորած քաղաքացի։

Օգոստոսի 17-ի ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները, տեղանքի առանձնահատկությունից ելնելով, ժամանակավորապես դադարեցվել են։

Դեպքի վայրում աշխատել են մոտ 94 փրկարարական ծառայող, ներգրավված են եղել քաղաքապետարանի 3 տրակտոր, 7 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 18-ին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 54 փրկարարական ծառայող, 17 կամավոր,  ներգրավված են եղել քաղաքապետարանի 2 տրակտոր, 3 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, 1 ավտոկռունկ և 2 շտապօգնության բրիգադ։

Օգոստոսի 19-ին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 55 փրկարարական ծառայող, 14 կամավոր,  ներգրավված են եղել քաղաքապետարանի 2 տրակտոր, 3 բեռնատար ինքնաթափ, 1 ջրատար և 2 ավտոկռունկ։

Օգոստոսի 20-ին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 56 փրկարարական ծառայող, ներգրավված են եղել քաղաքապետարանի 2 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 1 ջրատար,1 ավտոկռունկ և 1 ավտոչանչ։

Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։

← Վերադառնալ ցուցակին