Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Գործառույթներ

Կենտրոնի գործունեության առարկան և նպատակները

1. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է` բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:

2. Կենտրոնի լիազորություններն են`
1) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
2) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.
3) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանն ու իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների անցկացմանը.
4) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.
5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվության միջոցներով.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է`
1) արտադրություններում կամ առանձին տեղամասերում, արտադրամասերում, արտադրական հրապարակներում, պահեստարաններում, տեղակայանքներում, տեխնոլոգիական սարքավորումներում կամ ցանկացած այլ օբյեկտում, որտեղ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝
դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է,
օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանն օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով,
այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,
պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը,
թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա՝ կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,
շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
բ. կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
գ. իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ. իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք՝ ստորերկրյա պայմաններում,
ե. ստացվում են մետաղների հալույթներ.

2) շարժասանդուղքներում, ճոպանուղիներում, կարուսելներում, ֆունիկուլյորներում, ամբարձիչ կռունկներում, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներում և մեխանիզմներում.

3) վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում՝ բացառությամբ 250 կգ կամ պակաս բեռնատարողությամբ վերելակների.

4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններում, գազագլանաանոթային սարքավորումներում, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներում, գազապահեստարաններում.

5) ջրային լողամիջոցներում՝ բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։

4. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում և զննում.
2) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում.
3) տեխնիկական անվտանգության և հակահրդեհային փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը։

5. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

6. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: